Քաղաքական

01.11.2024 11:12


Քաղաքապետարանն «աչք է փակել» նախագծային շեղումներով շինարարության վրա

Քաղաքապետարանն «աչք է փակել» նախագծային շեղումներով շինարարության վրա

Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի առաջին հարկում նախագծային շեղումներով շինարարություն է ընթանում։ Հուշարձան շենքի առաջին հարկում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան բնակարանը վերածում է հասարակական տարածքի։ Բնակարանի՝ Կիևյան փողոցին նայող պատուհաններից երկուսը երկայնական լայնացվել են, իսկ պատուհաններից մեկը վերակառուցվել և դարձել է դուռ։

«Հետքը» պարզել է, որ շինարարությունն իրականացվել է նախագծից շեղումով, որի հետևանքով վնասվել է նաև անվանի ըմբիշ Ռուբեն Վարդանյանի հուշատախտակը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառուցապատող Արսեն Ավետիսյանին 2024 թ․-ի հունիսին նախագծման թույլտվություն է տրամադրել՝ «մուտքի կազմակեպման, բնակարանը որպես ոչ բնակելի տարածք վերակառուցման» համար։ Տարածքի սեփականատերը սահմանված կարգով ներկայացրել է կառուցապատվող տարածքի էսքիզը, ապա նախագիծը, որից հետո ստացել է շինարարության թույլտվություն։

Մինչ շինթույլտվություն տրամադրելը, քաղաքապետարանը դիմել և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանից ստացել է նախարարության դիրքորոշումը, քանի որ շենքը հուշարձանի կարգավիճակ ունի։ Փոխնախարարի գրության համաձայն, բնակարանի վերակառուցման հարցը քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և պայմաններով համարվել է ընդունելի։ Պայմաններից մեկը հետևյալն է եղել․ «Բացվածը դռան վերածելու դեպքում պարտադիր կերպով իրականացնել միասնական դալանի ձախակողմյան հատվածի հետ (հարևան սեփականատիրոջ պատուհանաբացվածքի ձևափոխմամբ)՝ պահպանելով առկա բացվածքների լայնական չափերն ու դալանի նկատմամբ սիմետրիան»։

Կիևյան 7 շենքի բնակիչները օգոստոս ամսին նկատել են, որ կառուցապատողը պատուհաններից մեկը երկու կողմից լայնացնում է, որի հետևանքով վնասում են նաև անվանի ըմբիշ Ռուբեն Վարդանյանի հուշատախտակը։ Կառուցապատողը նրանց հավաստիացրել է, որ շինարարությունն օրինական է, կա հաստատված նախագիծ, շինթույլտվություն։ Կառուցապատողի բանավոր հավաստիացումներին չհավատալով՝ բնակիչներից Արթուր Վարդանյանը, որը ըմբշամարտիկ Ռուբեն Վարդանյանի որդին է, զանգահարում է Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ։ Բողոքին ընթացք են տալիս Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը և քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ ՀԿՊ ծառայության աշխատակիցներն ընդամենը արձանագրել են, որ շինարարության ժամանակ սահմանազատող ցանկապատ չի տեղադրվել։

Ուսումնասիրելով կառուցապատող Արսեն Ավետիսյանի շինթույլտվության հիմքում դրված փաստաթղթերը՝ պարզ է դառնում, որ պատուհանը, որը պետք է վերածվեր մուտքի դռան, պետք է ունենար 86 սմ լայնություն։ Մինչդեռ պատուհանը երկու կողմից լայնացվել է այնքան, որ բացվածքը դարձել է 150 սմ։ Սա նախագծից շեղում է, և ենթադրվում է, որ քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պետք է նկատեր, քանի որ նախգծից շեղումը ոչ թե 5 կամ 10 սմ էր, այլ մոտ 70 սանտիմետր։ Կառուցապատողը եթե նախգծից չշեղվեր, չէր փոխի շենքի արտաքին տեսքը, չէր վնասի նաև Ռուբեն Վարդանյանի հուշատախտակը, որի անմիջապես տակը տեղադրվել է մետաղական շերտավոր դուռ։

Կառուցապատող Արսեն Ավետիսյանը նախկինում աշխատել է քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։ Հավանաբար, այս հանգամանքն է ազդել կամ կաշկանդել քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցներին, որ նկատեն նախագծային շեղումը։

Կառուցապատող Արսեն Ավետիսյանին տեղեկացրեցինք մեր ուսումնասիրության մասին և հարցրեցինք՝ ինչո՞ւ եք նախագծից շեղումով շինարարություն իրականացրել։ Կառուցապատողը հարցը լսելուց հետո երկար դադար վերցրեց, ապա հարցով պատասխանեց․ «Բայց դա ձեր գործառու՞յթն է, որ հարցնում եք, կամ այդ շեղումը ո՞նց եք տեսել՝ շեղում է, թե շեղում չէ»։ Կառուցապատողին բացատրեցինք, որ լրատվամիջոցը բողոք է ստացել, որի վերաբերյալ հոդված է պատրաստում և ցանկանում ենք լսել մյուս կողմի դիրքորոշումը։ Արսեն Ավետիսյանը նշեց, որ մեկնաբանելու ցանկություն չունի։ «Համապատասխան մարմիններ կան, որոնք իրենց գործն անում են։ Եթե իրենք գտնում են, որ շեղում է, ըստ դրա կարգով շարժվեն»,-եզրափակեց կառուցապատողը։

Ըմբշամարտիկի որդին խնդրահարույց վերակառուցման հարցով դիմել է նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն դեռ տեղեկություն չունի իր դիմումի ընթացքի վերաբերյալ։

Բացի վերը նկարագրվածը, Արթուր Վարդանյանը տեղեկացել է, որ կառուցապատողը մտադիր է տեղափոխել հոր հուշատախտակը, քանի որ դրա տեղում ցանկանում է վերակառուցված հասարակական տարածքի համար վահանակ տեղադրել։ Վարդանյանն անհանգստացած է, որ Երևանի քաղաքապետարանի հաստատած էսքիզով և նախագծով տարիներ առաջ տեղադրված հուշատախտակը կարող են կասկածելի որոշումներով կամ կառուցապատողի և քաղաքապետարանի պաշտոնյաների հնարավոր կապերով տեղափոխել։

Այս խորագրի վերջին նյութերը