Կարծիք

31.10.2024 08:00


ՔՊ-ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Հայաստանի հանքավայրերից մեկում աշխատողները մի անգամ գործադուլ են անում ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Գլխավոր տնօրենն ասում է՝ էդքան մարդ չեմ կարող ընդունել, ձեզանից չորս հոգի թող բարձրանա, բոլորիդ անունից խոսեն, հասկանամ ինչ, ոնց։ Չորս հոգի բարձրանում են, հետ գալիս, ասում են՝ չի բարձրացնում, ասում է՝ անհնար է, ու ինչ-որ պատճառներ են բերում, համոզում են գործընկերներին, որ պետք է թարկել գործադուլը, անցնել աշխատանքի։ Ամիսներ անց աշխատողները պարզում են, որ այ էն չորս հոգին, որ բարձրացել էին շեֆի մոտ, լուծել են միայն իրենց հարցերը, իրենց աշխատավարձը բարձրացել է։ Նրանք գործուղվել են բոլորի հարցերը լուծելու, բայց միայն իրենց մասին են մտածել։ Այս դեպքը հիշեցի, երբ այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորը բարձրացրեց իրենց՝ պատգամավորների աշխատաարձի հարցը։

Քանի որ բյուջեի քննարկումներն էին, ֆինանսների նախարար էին բռնացրել, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն ասում է մոտավորապես հետևյալը՝ խորհրդարանական երկրում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձը ինչո՞ւ է ավելի շատ, քան պատգամավորինը, ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը ստանում ամսական 3 մլն դրամ, իսկ պատգամավորը հավելավճարով, պարգևավճարով, մի միլիոնի կարգի։ Սասուն Խաչատրյանին, հիշեցնեմ, հարցրել էին, թե քեզ որտեղի՞ց էդ թանկարժեք ավտոմեքենան, նա էլ ակնարկեց, որ իր աշխատավարձը այնքան է, որ ինչ էլ ուզի, կարող է իրեն թույլ տալ։

ՔՊ-ական պատգամավորի սիրտն էլ է 3 մլն դրամ աշխատավարձ ուզում։ Ես իրեն հասկանում եմ․ եթե մի քիչ էլ շարունակեր բացվել, կարող էր բուն մեխին խփել, ասեր՝ այ ֆինանսների նախարար ջան, արի տեսնեմ մե՞նք ենք շատ ծառայում Նիոլի՞ն, թե՞ Սասուն Խաչատրյանը․ քանի հատ հակապետական օրենք ենք կնքել, ամեն հարցուպատասխանի ժամանակ ինչ հարց Նիկոլին պետք է, դրանք ենք տալիս, ինչ ելույթ ուզում է՝ ուենում ենք, ադրբեջանական նախագիծը վավերացնում ենք, հակաադրբեջանական նախագծերը մերժում ենք, Ղարաբաղի հանձնման պատասխանատվությունը կիսում ենք, Հայաստանի սահմանների փոքրացման պատասխանատվությունը կիսում ենք, ինչո՞ւ ենք Սասունից պակաս վճարվում։ Չեմ ասում Սասուն Խաչատրյանը պակաս բան է արել, Քոչարանի դեմ անտրամաբանական ու հիմար գործ է կարել, որը իր գլուխգործոցն է, ընդիմադիրների է բռնել տվել ստից գործերով, բայց դե ինչ արել է, սաղ պրավալ են գնացել։

Իհարկե, ժողովուրդ ջան, Սասուն Խաչատրյանը որ հպարտանում է, որ ամեն ամսվա աշխատավարձին կարող է մի հատ մեքենա գնել, չեմ հասկանում՝ որքանով է արդարացված իր աշխատավարձը։ Էսօր, օրինակ, զեկուցում էր, որ Հակակառուպցիոն կոմիտեում հարուցված վարույթներն աճել են 24.8 տոկոսով, կարճված վարույթները՝ 351 տոկոսով։ Այսինքն, ամեն մեկ 1 հատ հարուցված գործի դիմաց նախկին հարուցածներից 13-15 հատ կարճել են։ Հնարավոր է՝ ստից գործեր են հարուցել, անկապ քննել են, կարճել են, բայց փող են ստացել, էն էլ՝ 3 մլն ամեն ամիս։ Սասուն Խաչատրյանին թողնենք, ինչպես ասում են, իր կարած գործերի մեջ տապակվեու ու գանք ՔՊ-ական պատգամավորներին, որոնք նախանձում են, թե ինչու պետք է ինչ-որ պաշտոնյաներ ստանան 3 միլիոն, իրենք ոչ։

ՔՊ-ականները, որ եկել էին իշխանության ու ասում էին՝ մենք նվիրյալ ենք, այ տեսեք, հայտարարագրում զրո դրամ է, հիմա 1 մլն դրամն ամսական քիչ են համարում իրենց համար։ Հետաքրքիր է՝ իրենք որ ժողովրդի համար էին եկել, ժողովրդի եկամուտներն էլ են էդպես աճե՞լ, ամսական 1 մլնով, իրենց պես տներ են առե՞լ։ Իրենք ասում էին, թե եկել ենք ժողովրդի համար, բայց պահանջում են ոչ թե ժողովրդի համար բարեկեցություն, այլ՝ իրենց էլ ավելի հարստացում։ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը չի հարցնում ֆինանսների նախարարին, թե ե՞րբ պետք է մեր թոշակառուն բարձր թոշակ ստանա, ե՞րբ պետք է նպաստառուները սկսեն բարեկեցիկ ապրել։ Ֆինանսների նախարարն ասում է՝ աղքատությունը 27 տոկոսից իջել է 23,7 տոկոսի, Սոնա Ղազարյանը չի ասում՝ բա էդ ինչի՞, բա մենք խոստացել էինք, որ 2023-ին պետք է աղքատ մարդ չլիներ։ Բազմիցս հայտաարվել է, որ սահմանապաների աշխատավարձը մոտ 30 տոկոսով կրճատվել է, 180 հազարից իջեցրել են 120 հազարի, որի պատճառով սահմանապահների մի մասը ծառայությունը թողել է, դիրքերի համալրման խնդիր կա, ինչո՞ւ է երկիր պահողի աշխատավարձը իջել, պարոն ֆինանսների նախարար, թե՞ ձեզ համար կարևոր է, որ Սուրեն Պապիկյանը մի տարում ստանա սահմանապահի 15 տարվա աշխատավարձը։ Մամուլը գրեց, որ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու, որովհետև գրոշներ են ստանում, 100 հազար դրամի կարգի։ Նրանց հարցը ՔՊ-ականներին ինչո՞ւ պետք է հետաքրքրի։ Դատարանի աշխատողները գործադուլ էին անում աշխատավարձի պատճառով, դատական իշխանութունն արձագանքում է այսպես՝ հույս ունենք, որ ավելի բարձր աշխատավարձով գործ կգտնեն։ Ասենք՝ ուրիշ տեղ գործ ման եկեք, թեկուզ պատշար։ Իսկ դատավորների աշխատավարձին մի հատ էլ հավելումներ են արվել աշխատավարձի կեսից ավելի, երևի որպեսզի առնվազն մի մասը փայլուն կատարեն էն հրահանգները, որ կառավարական՝ իրենց հայտնի կաբինետից գնում են։ Էդ հարցերը ՔՊ-ական պատգամավորները չեն տալիս, տալիս են իրենց աշխատավարձի հարցը, որնց առանց այն էլ բարձր է։

Որովհետև, ժողովուրդ ջան, սրանք գնացել են պաշտոնի իրենց անձնական խնդիրները լուծելու համար։ Ու լուծում են և ոչ միայն փողային խնդիրները։ Մի հատ հսկայական ցանկ կա, թե քանի պաշտոնյայի հարազատ է քրեական պատժից ազատվել այն օրից, երբ իրենց հարազատը դարձել է պաշտոնյա՝ սկսած Նիկոլի աշխատակազմից։ Ուրիշների վրա քրեական գործեր են կարվել, իրենց հարազատների քրեական գործերը ջրվել են։ Իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են իրենց անձնականի համար։ Քյարամյանին ով գիտի ինչքան են զանգել ասել, որ արդեն ԱԺ ամբիոնից է հառաչում։ Այսինքն ԱԺ պատգամավորի մանդատը մի ՔՊ-ական օգտագործում է՝ իր աշխատավարձը բարձրացնելու համար, մի ուրիշ ՔՊ-ական՝ իր տղու քրգործով բարեխոսելու համար, երրորդը՝ իր ախպոր բիզնեսը առաջ տանելու համար։ Բայց հետո խոսում են կոռուպցիայից, թալանից։ Բա էդ ո՞նց եղավ, որ ազգուտակերով պաշտոնյա են, բիզնեսմեն ու պետական տենդեր շահող։ Այ սենց, բարեխոսելով։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան իսկ դուք գիտեի՞ք, որ էսքանդ հավաքվել էիք հրապարակում, քնում էիք փողոցներում, այ էս կարգի խմբակի անձնական, կուսակցական, քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Դուք էսքանդ հավաքվել էիք, որ սրանք ամիսը 3 մլն դրամ ստանալու կռիվ տան։ Ֆինանսների նախարարը 20 մլնից ավելի աշխատավարձ է ստացել ու ասում է՝ իմ աշխատավարձը բոլորովին չի համապատասխանում իմ աշխատանքին։ Ձեր աշխատավարձը ձեր աշխատանքին, այո, համարժեք չէ․ իսկ դուք մեր երկրին համարժեք ե՞ք։

Իմ խեղճ, հիմարացված ժողովուրդ, առաջարկում եմ ամեն օր ընդամենը մեկ անգամ մտածել հետևյալ հարցի մասին․ մարդկանց, ում դու բերել ես իշխանության, նրանց ունեցվածքը անճանաչելիորեն փոխվել է, հագուկապն էլ, ֆինանսներն էլ, ընդամենը 7 տարում։ Իսկ 7 տարում քո՞ ինչն է փոխվել, ի՞նչն է բարեփոխվել։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը