Կարծիք

30.10.2024 13:02


Էրդողանի ծառայությունները գին ունեն (տեսանյութ)

Էրդողանի ծառայությունները գին ունեն (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հագուստի պահարան ցեց թողնելը հաճախ ավելի հեշտ է, քան հետո դրանից ազատվելը: Նույն կերպ էլ Թուրքիայի հետ է՝ մեկ անգամ թույլ տալով Թուրքիային մասնակցել այս կամ այն գործընթացին, հետո դժվար է նրան դուրս բերել այնտեղից: Նայեք, թե ինչպես մինչ օրս Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է «վերակենդանացնել Ստամբուլյան գործընթացը» կամ «հացահատիկային գործարքը»: Եվ այդ պատճառով, երբ Հայաստանում նաև մինչև 2018 թվականը հնչում էին գնահատականներ, որոնց համաձայն «Թուրքիան կարող է աջակցել Ղարաբաղյան կարգավորման գործընթացին», իսկ արդեն 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի աշնանը Արցախում էթնիկ զտումներից հետո Թուրքիային ուղղակիորեն խնդրում էին միջնորդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց պետք է հաշվի առնել, որ նրան այդ գործընթացից դուրս բերելը շատ դժվար կլինի: Ցանկացած իշխանության համար դժվար կլինի:

Այժմ Թուրքիայի նախագահը զբաղվում է նրանով, որ օրինականացնում է հայ-ադրբեջանական գործընթացի «օպերատորի» իր կարգավիճակը հանրային տիրույթում։ Հենց այս մասին էր Էրդողանի վերջին հայտարարությունը, որում նա նշել էր, որ «իրենց ցանկությունն է շուտափույթ ստանալ բարի, լավ ու բարեբեր լուր, քանի դեռ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել հայ-ադրբեջանական գործընթացը»: Այլ կերպ ասած՝ Էրդողանը տարածաշրջանային զարգացումներում ներգրավվածներին ցույց է տալիս, որ չի հանդուրժի միջամտություն այն գործերին, որոնք Անկարան համարում է իր իրավասությունը:

Կրկին նշենք, որ պարադոքսալ է այն փաստը, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրած երկրներից մեկը, որտեղ արտացոլված են հայակական պետական ինքնիշխանության դեմ պահանջները, կարող է լինել Երևանի և Բաքվի բանակցությունների միջնորդը, սակայն ավելի մեծ պարադոքսը այն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պահանջել գին (և հավանաբար արդեն պահանջել է) իր «միջնորդի ծառայությունների» դիմաց:

Հայաստանի քաղաքական շրջանակներում կա տեսակետ, որ թուրք առաջնորդը կարող է պահանջել Երևանից ամբողջությամբ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից, կարող է միանալ Բաքվի պահանջներին՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նաև կարող է պահանջել փակել Մեծամորի ԱԷԿ-ը:

Անկասկած, այս ամենը հնարավոր է: Սակայն Էրդողանը պրակտիկ մարդ է, ընդ որում՝ ռազմավարական մտածողությամբ: Ուստի տրամաբանական կլինի, եթե իր «միջնորդի ծառայությունների» համար (որոնք փաստ չէ, որ կհանգեցնեն Երևանի և Բաքվի հարաբերությունների «բարելավմանը») նա կարող է պահանջել ռուս սահմանապահների դուրսբերումը Մարգարայի անցակետից, իսկ հաջորդ քայլով՝ ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերումը հայ-թուրքական սահմանից:

Այստեղ մնում է պատասխանել միայն մեկ հարցի, և ոչ, դա այն հարցը չէ, թե արդյոք Հայաստանը կկարողանա ինքնուրույն ապահովել անվտանգությունը ավելի քան 300 կմ սահմանային հատվածում: Հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանը արդեն հասցրե՞լ է պահանջել ռուս սահմանապահների դուրսբերումը Մարգարայից և հայ-թուրքական սահմանից ընդհանրապես, թե՞ նա պատրաստում է «նվեր» Հայաստանին և հայ ժողովրդին և դա կանի արդեն 2025 թվականին:

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը