Կարծիք

30.11.2011 21:14


Ինչու են աղմկում դիմակավորները

Ինչու են աղմկում դիմակավորները

Հայաստանում ընթացող ներկա գործընթացները հերթական անգամ վկայում են, որ մեր երկիրն արմատական բարեփոխումների կարիք է զգում, ընդ որում, կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանի զարգացմանը, մեր երկրում նորմալ մարդկային միջավայրի ստեղծմանը խանգարում է համատարած կեղծիքը, որը բավական ամուր բույն է հյուսել մեր բազմաչարչար երկրում: Հենց այս կեղծիքն էլ պատճառ է դառնում, որ տեղի ունենան տարօրինակ գործընթացներ, հնչեն տարօրինակ հայտարարություններ եւ կայացվեն տարօրինակ որոշումներ:

Քաղաքական դաշտում դերասանները, իսկ ավելի ճիշտ դիմակավորները շատ են, չափից դուրս շատ են: Այն երկրում, որտեղ ցանկացած քայլափոխի իշխում է կեղծիքը, սուտը, կոռուպցիան, հովանավորչությունը հենց այդպես էլ լինում է: Ամենահետաքրքիրն այն է, որ հերթական դիմակավորի դիմակի պատռումից հետո մի պահ թվում է, թե նա վերջին դիմակավորն էր, բայց ժամանակը ցույց է տալիս, որ շրջապատված ենք դիմակավորներով: Սա մեր երկրի իսկական ցավն է: Հենց այս ցավից էլ մենք պետք է ազատվենք եւ թույլ չտանք, որ որոշ արկածախնդիրներ բուծեն դիմակավորներ եւ իշխեն Բրունեյի սուլթանի կամ Թուրքմենստանի նախագահի նման:

Տաղանդավոր եւ գերտեղեկացված մարդ պիտի լինես Հայաստանում, որ հասկանաս, թե որ լրատվամիջոցը դիմակ չի կրում կամ որ քաղաքական գործիչը դիմակ չունի: Տրամաբանությունը մեր երկրում բացակայում է: Դրա ամենավառ վկայություններից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էր Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում: Բավական էր, որ նա անդրադառնա ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորությանը, որ բազմաթիվ դիմակավորներ իրար անցնեին, «ազատ» մամուլը հանդես գար «խորը» վերլուծություններով եւ բարոյականության դիրքերից:

ՀՀ առաջին նախագահն  իր ելույթում նշել է. «Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»։ Պայծառատես պետք է լինես կռահելու համար, որ Տեր-Պետրոսյանի այս ելույթը հունից կհաներ նրանց, ովքեր երկար ժամանակ կուրծք էին ծեծում եւ հավաստիացնում, որ իրենք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ եւ անում են ամեն ինչ, որ Հայաստանում ձեւավորվեն օրինական իշխանություններ: Նույնիսկ իր ելույթում Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում Կոնգրեսի ներսում կոնսենսուս գոյություն չունի:

Ստացվում է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք բացառապես շանթարգելի դեր են խաղում: Ինչպես շանթարգելն է կլանում կայծակի հասցրած հարվածը, այնպես էլ այս «ընդդիմադիր» գործիչներն են կլանում ժողովրդի ցասումը եւ հաջողությամբ մարում համաժողովրդական բողոքի ալիքը: Բայց ի տարբերություն շանթարգելի, նրանք եւս մեկ հատկություն ունեն` պայթելու, երբ հայտնվում են մի վիճակում, երբ ստիպված են բացահայտել իրենց:

Իսկապես զավեշտալի է, որ երբ հենց այս դիմակավորների ջանքերով եւ համառ աշխատանքի արդյունքում Կոնգրեսը «երկխոսություն» սկսեց Սերժ Սարգսյանի թիմի հետ եւ հայտնվեց քայքայման շեմին, կորցնելով համակիրների հսկայական բազմություն, ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը հունից հանել է նրանց: Նրանք աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե ոչ մի դեպքում չի կարելի համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց թե ինչու` չեն ասում: Ախր ինչ ասեն: Եթե անկեղծանան, ապա պետք է կրկնեն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։

Շատ շուտով մենք լսելու ենք Կոնգրեսի ներսում գտնվող ականների պայթյունների ձայները: Իհարկե, այստեղ ոչ քիչ անելիք ունի Տեր-Պետրոսյանը, որը հաստատ կգտնի Կոնգրեսի շարքերի հետ փոխհամաձայնության հասնելու ձեւը:

Մեր երկրում ճնշող մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Իսկ նրանք, ովքեր ստիպված են դիմակազերծ լինել, հարցազրույցեր են տալիս եւ դեռ կտան, ասելով, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը դեմ են, քանի որ այն կհարվածի Կոնգրեսին եւ իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում: Իհարկե, պարունակում է, բայց ոչ թե Կոնգրեսի կամ մեր երկրի, այլ գործող վարչախմբի եւ նրանից սնվող կեղծ ընդդիմադիրների եւ «ազատ» լրատվամիջոցների համար: Նրանք շատ լավ հասկանում են, որ նոր Հայաստանում իշխանություններից սնվող ընդդիմադիրներ չեն լինելու, եւ որ ամենակարեւորն է, նմանատիպ լրատվամիջոցներ չեն լինելու: Հասկանում են եւ ամեն ինչ անում, որ խոչընդոտեն իշխանության տապալմանը:

Իհարկե, դեռ երկար պատասխանատու մամուլի վերլուծաբանները կփորձեն ազդել գործընթացների վրա, հիշեցնելով անցյալի որոշ իրական ու մտացածին դրվագներ, բայց դե հիշողություն ունեն բոլորը:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը