Քաղաքական

19.10.2024 17:48


«3+3»-ի երկրները վերահաստատել են ինքնիշխանության հարգման, ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության անքակտելիության կարևորությունը

«3+3»-ի երկրները վերահաստատել են ինքնիշխանության հարգման, ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության անքակտելիության կարևորությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման արդյունքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբասը համատեղ հայտարարություն են տարածել։

Նախարարները նախ վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։ Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։

«Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:

Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:

Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։

Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։

Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։

Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները:

Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։

Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:

Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան:

Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։

Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները շնորհակալություն են հայտնել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և հանդիպման հաջող անցկացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը