Կարծիք

19.10.2024 14:41


Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր

Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր

Մերի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հոկտեմբերի 19-ին ավտովթարի զոհ դարձած այս փոքրիկ աղջնակի՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ի լուսանկարը՝ գրելով.

«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարից։

Ուզում եմ պատկան մարմիններին մի քանի հարց տալ.

Եղեգիսի Համայնքապետարա՛ն, դուք ինչո՞ւ մինչև հիմա ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ կամ ճանապարհի պատշաճ կահավորում այդ հատվածում չեք կազմակերպում կամ գոնե չեք պահանջում։ Շատ վատ եք աշխատում, եթե, իհարկե, աշխատում եք, այլ ոչ թե աշխատանքի բարեհաջող իմիտացիա անում։ Դուք քանի՞ երեխա դեռ պիտի զոհվի ավտովթարից, որ տեղներիցդ շարժվեք։

ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրո՛ց, ձեզ դատ է հասնում, եթե մի քիչ խիղճ ու մասնագիտական արժանապատվություն ունենաք, տնօրեն, դասվար, ու պարապող ուսուցիչ՝ հերթով դիմում կգրեք ու գործից դուրս կգաք ու էլ կրթական համակարգին մոտ չեք գա այլևս։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակա՛զմ, դուք ինչո՞ւ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների պատշաճ կահավորում չեք կատարում, այդքան դժվա՞ր է տենդեր հայտարարելը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությո՛ւն, պատասխանեք՝ հասկանամ, թե եթե այդքան տենդերներ եք հայտարարում ու այդքան ասֆալտ եք անում, հասկացանք, իսկ ինչո՞ւ բնակավայրերի միջով անցնող միջպետական ճանապարհները նորմալ չեք կարգավորում, այդքան դժվա՞ր է վերգետնյա կամուրջ սարքելը ամեն գյուղում, ուզում եմ հասկանալ, քանի՞ երեխա պիտի զոհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում, որ մի քիչ նորմալ աշխատեք, չեմ էլ ասում լավ, բայց իմացեք, որ Աստղիկիս մահը նաև ձեր խղճին է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությո՛ւն, այդքան շատ տեսալուսանկարահանող սարքեր եք դրել, իսկ ինչո՞ւ մի հատ կնոպկայով աշխատող լուսացույց չեք դնում գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների խաչմերուկների վրա։ Թե՞ դրանից տուգանք չկա, նաև դուք եք մեղավոր այս համատարած փնթի կառավարման արդյունքում անմեղ զոհերի համար։ Իմ քրոջ երեխայի մահը նաև ձեր խղճին է, իմացեք։

Ու ամենավերջում.

Նիկոլ Փաշինյա՛ն, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը, որ այդպես հեշտ ու հանգիստ ավտովթարի զոհ դառնան։ Դուք ինչո՞ւ չեք ստուգում, որ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհները նորմալ կահավորում ունենան։

Չգիտեմ, էլ ում դիմեմ։

Ուղղակի չեմ ուզում, որ այսուհետ այսպիսի ցավի հետ առնչվեն այլ ծնողներ նույնպես։ Չեմ հասկանում, թե ում էինք վատություն արել այսօրվա ցավի համար»։

Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը