Կարծիք

18.10.2024 15:14


ԵՄ գագաթնաժողովը հաստատեց Վրաստանի անդամակցության կասեցումը՝ փորձելով ազդել այդ երկրի ընտրության արդյունքի վրա

ԵՄ գագաթնաժողովը հաստատեց Վրաստանի անդամակցության կասեցումը՝ փորձելով ազդել այդ երկրի ընտրության արդյունքի վրա

Ինչպես հայտնի է, մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 26–ին, Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ կորոշվի, թե ինչ ուղիով է զարգանալու է այդ երկիրն առաջիկայում:

Մի կողմից իշխանությունն է, որ առաջարկում է բալանսավորված քաղաքականություն, մյուս կողմից ընդդիմությունը, որը մերժում է այդ քաղաքականությունը, կոչ անելով հանրությանը՝ ընտրել միակողմանի արևմտյան կողմնորոշումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Թե ինչ հետևանքներ կարող են լինել, վրացիները տեսնում են ուկրաինական օրինակով, որտեղ պատերազմն արդեն խլել է ավելի քան կես միլիոն երիտասարդ ուկրաինացիների կյանք:

Վրացիների մեծ մասը մերժում է այդպիսի զարգացման տարբերակը, սակայն ուզում է, որ իր երկրիը դառնա ԵՄ անդամ , բայց առանց մեծ ցնցումների:

ԵՄ-ն հայտարարում է, որ «առանց ցնցումներ» տարբերակը չի ստացվելու, քանի որ իրենց համար Վրաստանը հետաքրքիր է այլ պատճառով:

Իրենք նշում են, որ ԵՄ անդամակցությունը վրացիներին պետք է թանկ արժենա. պիտի Վրաստանը միանա հակառուսական պատժամիջոցներին, ի վնաս իրենց ազգային շահերի, սակայն հանուն արևմտյան համերաշխության: ԵՄ-ն կարծում է, որ այդ զարգացման դեպքում վրացիները կարող են մեծ վտանգների հանդիպել, բայց պիտի համակերպվեն դրան, քանի որ դա է այդ գինը:

Եթե կարճ ձևակերպենք, ԵՄ-ում կարծում են, որ Վրաստանը պիտի համաձայնվի դառնալ իրենց «մանրադրամը» Մոսկվայի հետ հարաբերություններում, որպեսզի Վրաստանը կարողանա դառնալ ԵՄ անդամ, այն էլ՝ հեռավոր ապագայում:

Իսկ այդ «մանրադրամ» դառնալու հարցում, ինչ գին կարող է վճարել Վրաստանը, ԵՄ-ին չի հետաքրքրում: Նրանք ասում են, որ իրենք էլ չգիտեն, բայց եթե վրացիները ցանկանում են դառնալ իրենց միասնական ընտանիքի անդամ, ապա պիտի պատրաստ լինեն այդ տոմսի համար «վճարել», օրինակ՝ ուկրաինացիների պես:

Հասկանալի պատճառով վրացիների մեծ մասը մերժում է այդ այլնտրանքը:

Սակայն պարզվում է, որ ԵՄ-ում ոչ թե առաջարկում են վրացիներին ընտրություն կատարել, այլ փորձում են դա պարտադրել իրենց 5–րդ շարասյան միջոցով, որը նրանք ձևավորել էին այդ երկրում տասնյակ տարինեևի ընթացքում:

Իշխանությունը փորձեց պաշտպանվել այդ պարտադրանքից, ընդունելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենք, ինչը հիստերիայի մեջ գցեց արևմտյան շրջանակներին, որի արդյունքում սկսվեց մեծ արշավ Վրաստանի ներկայիս իշխանության դեմ:

Այդ արշավի քաղաքական մասն ավարտվեց երեկ, ԵՄ գագաթնաժողովի աշխատանքների ընթացքում, որտեղ պաշտոնապես հաստատվեց, որ, իբր,

«...Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, հետևաբար, այդ երկրի՝ միությանը միանալու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են ԵՄ-ում քննադատվող երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», և ԵՄ-ն քննադատել է այս օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք...»:

Այսպիսով, որպես պատրվակ, ընդունվել է այդ պատճառը Վրաստանի իշխանություններին պատժելու համար:

Իսկ եթե նշենք, որ ԵՄ-ի այս որոշումը եղավ այդ երկրում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ապա պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր այս որոշումով փորձում է ազդել վրացիների որոշման վրա՝ գալիք ընտրության ընթացքում:

Ընտրություններին միջամտելը հո պոզով ու պոչո՞վ չի լինում:

Այս ամենից հետո խոսել այն մասին, որ մյուս երկրները, իբր, միջամտում են իրենց երկրների ընտրական գործնթացներին, պարզապես փարիսեցիության ոլորտից է:

Հասկանալի է, որ ԵՄ-ի այս որոշումը ոչ մի կապ չունի իրական ժողովրդավարական արժեքների հետ:

Երկու օր անց, հոկտեմբերի 20-ին մեկ այլ երկրում՝ Մոլդովայում կանցկացվեն նախագահական ընտրություններ, որտեղ նույնիսկ դեմոկրատիայի նշույլ անգամ չկա, քանզի այդ երկրի գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների վրա կարված են քրեական գործեր, ազատ մամուլը մոտ է ադրբեջանական մոդելի տարբերակին, իսկ որպեսզի արևմտյան դրածոյի «հաղթանակը» կյանքի կոչվի, նրան որպես սպարինգ հակառակորդ ներկայացրել են այդ երկրի ... ազգային փոքրամասնության ներկայացուցչին, որը, նույնիսկ տեսականորեն, չի կարող ընկալվել որպես գլխավոր մրցակից:

Այս ամենի ֆոնին ԵՄ-ի գնահատականներից նախկին ԽՍՀՄ-ի բոլոր վատ բարքերի հոտն է գալիս, պարզապես այն գեղեցիկ եվրոպական փաթեթավորմամբ է ներկայացված, այդ իսկ պատճառով էլ դեռ շատերը այս ամենի հրեշավոր խաբեության կողմը չեն տեսնում:

Մյուս կողմից Արևմուտքի իրականում քաղաքական ռասիզմի մոտեցումները արդեն տեսանելի են աշխարհի ժողովուրդների մեծ մասի համար:

Այդ իսկ պատճառով էլ նրանց մոտեցումները մերժվում են ամենուրեք:

Ավելին, ներկայիս ժամանակակից արևմտյան գործիչների փարիսեցիական մոտեցումները հոգնեցրել են նույնիսկ իրենց սեփական քաղաքացիներին, ինչն արտահայտվում է տարբեր եվրոպական երկրներում անցկացված ընտրության արդյունքների տեսքով:

Այնպես որ, ԵՄ-ի ԽՍՀՄ-ացումը դարձել է փաստ և արդեն բոլորն են հասկանում, որ այն ունենալու է նույն ճակատագիրը, ինչ ունեցավ հին ԽՍՀՄ-ը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը