Մեկնաբանություն

30.11.2011 12:55


«Ազնիվ քյարփինջներ» շարքից

«Ազնիվ քյարփինջներ» շարքից

Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին ելույթում քաղաքագիտական վերլուծություն անելիս չէր բացառել ԲՀԿ–ի հետ համատեղ պայքարը «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո նախագահական նստավայրից վայնասուն բարձրացվեց։ Գործի դրվեց ծախու մամուլը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմի հետ միասին պայքար մղելու գաղափարի շուրջ ՀԱԿ–ի ներսում միակարծության բացակայությանը, որի մասին հանրահավաքում նշեց Տեր–Պետրոսյանը, ապա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ դեմ արտահայտվողներից մեկը Պետրոս Մակեյանն է։ Ըստ Մակեյանի՝ ՀԱԿ–ը ընտրազանգված կկորցնի, եթե հանկարծ ԲՀԿ–ի հետ ընդհանուր ճակատ կազմելու գաղափարին կողմ արտահայտվի։

Փաստորեն Մակեյանը ծպտուն չէր հանում և կողմ էր Սերժ Սարգսյանի հետ նվաստացուցիչ «երկխոսությանը», որն ակնհայտորեն բխում էր ՀՀԿ «ճկուն» ղեկավարի շահերից և նպաստում նրա իշխանության երկարաձգմանը, իսկ ահա երբ խոսվում է ոչ թե միասնական ցուցակով կամ ճամբարով, այլ յուրաքանչյուրն իր մասով Հայաստանն անսերժ դարձնելու մասին, Մակեյանը, ըստ էության, դեմ է արտահայտվում դրան։

Չենք ուզում մտածել, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը դարձել է Սերժ Սարգսյանի նորաթուխ «դհոլներից»։ Մակեյանն ավելի շուտ «ազնիվ քյարփինջ» է և այս պահին ընդամենն օգտագործվում է Բաղրամյան 26–ի «ժողգործիքասեր» հասարակայնության կողմից։ Բայց հարկ ենք համարում զգուշացնել, որ «ազնիվ քյրափինջից» դեպի «դհոլ» անցումն ընդամենը մի քանի հարցազրույց է։

Չեմ կասկածում, որ մակեյանաբարո կարծիքներ մենք էլի կարող ենք լսել։ Նմանատիպ ելույթներ ունեցողների մեջ կլինեն և՛ «ազնիվ քյարփինջներ», և՛ «դհոլներ»։ Նրանց միջև տարբերությունն այն է, որ «դհոլները» կկերակրվեն ու հետո նոր ելույթ կունենան կամ հոդվածներ կգրեն, իսկ «ազնիվ քյարփինջներն» այդ ամենը կանեն առանց «կոռմի»՝ «գաղափարական» սկզբունքներից ելնելով։ Բայց նկատենք, որ այդ արտաքուստ տարբերություններով հանդերձ այս երկու խմբի բուն էությունը նույնն է։ Նրանք բոլորը մտնում են վճարովի կամ անվճար  «հաճախորդ» կարգավիճակի մեջ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Կարեն Հակոբջանյան

Թեմայի շուրջ Պետրոս Մակեյանի հետ բլից հարցազրույցը կարդացեք այստեղ՝ http://7or.am/archives/84467

Այս խորագրի վերջին նյութերը