Քաղաքական

07.10.2024 12:33


Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

France Press-ի վերլուծաբանների կարծիքով Իսրայելի հարձակումը Լիբանանում «Հըզբոլլահի» վրա Թուրքիային հնարավորություն է տալիս ուժեղացնել իր տարածաշրջանային ազդեցությունը հակառակորդ Իրանի դեմ:

Չնայած, լինելով Իսրայելի ամենակատաղի քննադատներից մեկը, Թուրքիան զգուշորեն է արձագանքել Թեհրանի կողմից զինված և ֆինանսավորվող շիա զինյալների խմբավորմանը հասցված հարվածներին, այդ թվում՝ նրա առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը:

«Հըզբոլլահի» գլխատումը նվազեցնում է Թուրքիայի հիմնական տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի ազդեցությունը, և դա այն չէ, ինչի համար Թուրքիան լաց կլինի, նշում է Բրուքինգս ինստիտուտի թուրք փորձագետ Ասլի Այդինթասբասը:

Թուրքիայի սուննի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս դատապարտել է Իսրայելին՝ անցյալ տարի Գազայում ռազմական գործողությունների համար: Սակայն չի արձագանքել «Հըզբոլլահի» վերջին կորուստներին, թեև նրա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նասրալլայի սպանությունից հետո ձևական հայտարարությունով հանդես եկավ:

Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի թուրք տնօրեն Գոնուլ Թոլը նշում է, որ եթե դա հանգեցնի Իրանի և նրա դաշնակից շիա խմբավորումների երկարաժամկետ թուլացմանը, ներառյալ «Հըզբոլլահի», ապա դա Թուրքիայի համար ճանապարհ կբացի Սիրիայում և Իրաքում ավելի գերիշխող դեր ունենալու համար։

Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան գոհ է «Հըզբոլլահի» և Իրանի ձախողմամբ, հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք աջակցում են հարևան Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին: «Թուրքիան և «Հըզբոլլահը» հազիվ թե նույն դիրքում են, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, հատկապես Սիրիայում», -նշում է Օզգուր Ունլյուհիսարջիլին՝ Մարշալի հիմնադրամից:

«Ասադի և նրա հակառակորդների միջև քաղաքացիական պատերազմը ապակայունացրել է Թուրքիայի հարավային սահմանը, ինչի հետևանքով միլիոնավոր փախստականներ են լցվում նրա տարածք: Թուրքիայի տեսանկյունից Իրանն ու «Հըզբոլլահն» են պատճառը, որ Սիրիան հայտնվել է այն խառնաշփոթի մեջ, որում գտնվում է»,-ընդգծում է Այդինթասբասը:

Թուրք վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի համակրանքը պաղեստինցիների նկատմամբ չի տարածվում Իրանի, «Հըզբոլլահի» և տարածաշրջանում նրանց մյուս շիա դաշնակիցների վրա, ինչպիսիք են հութիները՝ Եմենում և շիա խմբավորումները՝ Իրաքում:

Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանը ցանկանում է որպես սուննի մահմեդականների առաջնորդ ներկայանալ սուննի պետությունների շարքում, մասնավորապես, երբ խոսքը է լինում Գազայի ապագա անվտանգության մասին։ Նա սեպտեմբերին հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին և, հավանաբար, քննարկել է իրենց երկրների «ավելի լայն համակարգող դերը» Գազայում հակամարտությունից հետո, նշում է է Վաշինգտոնի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական քաղաքականության փորձագետ Սինան Չիդդին:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը