Քաղաքական

29.11.2011 14:40


Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը

Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը

Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին։

Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես  ինքը որակեց՝  ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում։ Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ  իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները՝  այդ թվում նաեւ առաջին նախագահը։ Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից,  հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է  խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել։

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը  մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին  ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական  քայլերից եւ չխաղալ կրակի հետ։ Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը, եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը։

Իմ կողմից ավելացնեմ, որ իրոք, անչափ կարեւոր է մինչեւ նոր ընտրությունները ամբողջովին հասկանալ, թե ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ մարտի 1-ը, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց, ովքե՞ր կարող էին կանխել, որ չկանխեցին։ Իսկ ընդհանրապես, բոլորին պարզ ու հասկանալի պետք է լինի, որ մենք թույլ չենք տալու շահարկել մեր կուսակցության անունը՝ ով էլ որ այդ շահարկողը լինի։

Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ՝ որոշակի պարբերականությամբ մամուլում սպրդում եմ նման ստահոդ տեղեկություններ, որոնց մենք դեռ երկու տարի առաջ պաշտոնապես պատասխանել ենք։ Հարկ եմ համարում մեջբերել այդ հայտարարությունից մի հատված։

«Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը որևէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ և ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյան

Այս խորագրի վերջին նյութերը