Աշխարհ

25.09.2024 21:52


ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում․ Պուտին

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում․ Պուտին

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ կրիտիկական սպառնալիք է ստեղծում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միջուկային զսպման անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ:

«Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և Բելառուսի՝ որպես Միութենական պետության մասնակցի դեմ ագրեսիայի դեպքում։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այս բոլոր հարցերը համաձայնեցված են, այդ թվում՝ եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար»,-ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՌԴ-ն միշտ ձգտել է թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը:

«Մենք միշտ բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել նման հարցերին՝ քաջ գիտակցելով, թե ինչ վիթխարի ուժ ունի այդ զենքը, ձգտել ենք ամրապնդել գլոբալ կայունության միջազգային-իրավական բազան, թույլ չտալ միջուկային սպառազինությունների և դրանց բաղադրիչների տարածումը»,–ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջարկվել է մի շարք ճշգրտումներ կատարել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մասով:

Նրա խոսքով՝ միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմունքների նախագծում ընդլայնվել է երկրների և ռազմական դաշինքների կատեգորիան, լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը:

«Հիմքերի նախագծում ընդլայնվել է այն պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց նկատմամբ միջուկային զսպում է իրականացվում, լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար միջուկային զսպման միջոցառումներ են իրականացվում»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Սցենարները, որոնց դեպքում Ռուսաստանը տեսականորեն կարող է միջուկային զենք կիրառել, շարադրված են Ռուսաստանի ռազմական դոկտրինում և միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներում: Փաստաթղթերի համաձայն՝ դա հնարավոր է Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ ագրեսիայի կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության բուն գոյությունը սպառնալիքի տակ է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը