Քաղաքական

28.11.2011 17:01


Ազգային ժողովում խառնաշփոթ է

Ազգային ժողովում խառնաշփոթ է

Բնապահպանների և հ/կ–ների մտահոգությունն առաջացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետո որպես հարակից զեկուցող ամբիոնի մոտ է հրավիրվել ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ–ական Խաչիկ Հարությունյանը։ Սակայն, ինչպես քիչ հետո է պարզվել, նա որպես հարակից զեկուցող ելույթ ունենալու իրավունք չի ունեցել, որովհետև այս օրինագիծը տվյալ հանձնաժողովում չի քննարկվել։

Այս հանգամանքը պատգամավորներից ոմանց տարակուսանքն է առաջացրել։

–Այդ դեպքում անհասականալի է որպես հարակից զեկուցող ներկայանալը,–ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը։

Իսկ կրքերը վերջնականապես բորբոքվել են, երբ պատգամավորների ելույթների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ տվյալ դեպքում բնապահպանության նախարար, ՀՀԿ–ական Արամ Հարությունյանը, ներկա չի եղել դահլիճում։

–Էս ի՞նչ կարգ է, թող գոնե մի տեղակալի ուղարկեն, որ լսի,–վրդովված հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

–Ո՞ւմ ասեմ իմ կարծիքը, –պատգամավորի բողոքին Սամվել Նիկոյանն արձագանքել է.

–Խոսափողին, հանրությանը, անպայմա՞ն է նայեք նախարարի երեսին։

«Պարոն Այվազյանի՛ն»,–դահլիճից էլ խորհուրդ են տվել Ա. Մարտիրոսյանին՝ նկատի ունենալով բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին։

–Պարոն Այվազյանի լիազորությունները վաղուց դադարել են,–ընդգծել է Ա. Մարտիրոսյանը։

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարել է, որ կառավարության նման մոտեցումն ԱԺ–ին ուղղակի վիրավորական է։

–Իշխող վերնախավը, ի դեմս ՀՀԿ–ի, խայտառակում են իրենց, իրենց նախագահին, հետո նոր վիրավորում հասարակությանը,–եզրափակել է Զ. Փոստանջյանը։

Ի դեպ, այս բողոքներից հետո բնապահպանության նախարարը հանկարծակի հայտնվել է դահլիճում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը