Կարծիք

22.09.2024 16:22


Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում (տեսանյութ, լուսանկար)

Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում (տեսանյութ, լուսանկար)

Գյումրու մերձակայքում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող բարձրադիր բլրի գրեթե կենտրոնում վեր է հառնում մի վեհաշուք եկեղեցի, որը, շրջապատված լինելով Ալեքսանդրապոլ ամրոցի հինավուրց պարիսպներով ու շինություններով, կարծես «թաքնվում է» հետաքրքասեր հայացքներից և միայն քաղաքի որոշ հատվածներից են ընդամենը նշմարվում նրա՝ ճերմակավուն զանգակատունն ու արևի տակ փայլող խաչը։

Շուրջ 200-ամյա ուղղափառ այդ եկեղեցին 19-րդ դարում Գյումրիում կառուցված առաջին քարաշեն քրիստոնեական տաճարն է։

Հեռավոր 1836 թվականին կայսր Նիկոլայ 1-ինի կողմից հաստատվում է Գյումրիում ուղղափառ եկեղեցու կառուցման նախագիծը: Իսկ արդեն 1837թ․-ին կայսրն անձամբ է այցելում Գյումրի ու իր ձեռքով դնում է եկեղեցու առաջին հիմնաքարը:

Գյումրի այցի մասին Նիկոլայ 1-ինը հիշում է․ «Ես դրեցի ուղղափառ տաճարի առաջին քարը, որը պետք է կառուցվի ի պատիվ Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու և Գյումրին վերանվանեցի Ալեքսանդրապոլ»։

Պահպանվել է նաև Նիկոլայ 1-ին կայսեր հրովարտակը եկեղեցու հիմնարկման մասին, որտեղ գրված է․«Քրիստոսի ծննդից հետո՝ 1837թ․ հոկտեմբերի 4-ի օրը, կայսր Նիկոլայ 1-ինը հիմնեց այս տաճարը Սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի անունով»։

Ամենևին էլ պատահական չէր, որ Նիկոլայ 1-ին կայսրն անձամբ է այցելում ռուսական ընդլայնված կայսրության ծայրամասում ծվարած Գյումրի բնակավայրը՝ Ալեքսանդրապոլ ամրոցի կառուցումն իր աչքերով տեսնելու և ուղղափառ տաճարի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար:

19-րդ դարի 30-ական թթ սկզբներին ռուսական կայսրությունում կյանքի էր կոչվում ամրոցների կառուցման այսպես ասած մեգածրագիր: Ռուսական կայսրության սահմաններին՝ ռազմավարական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող հատվածներում ժամանակի ռազմական ինժեներիայի բարձր արհեստավարժությամբ 10 ամրոցներ են կառուցվում:

Դրանցից մեկը Գյումրիում կառուցվող Ալեքսանդրապոլ ամրոցն էր, որը գտնվում էր անմիջապես ռուս-թուրքական սահմանին:

Գյումրու ամրոցն անկյունաքարային նշանակություն ուներ կայսրության հարավ-արևմտյան սահմանների պաշտպանության համար, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում դիտարկվում էր որպես պլացդարմ Թուրքիայի վրա հարձակվելու համար:

Բնականաբար, ռազմական նման օբյեկտի կառուցումը կարևորվում էր ցարի մակարդակով։ Իսկ ուղղափառ վեհաշուք տաճարի առկայությունը հենց ամրոցում միայն ընդգծում էր ռազմական այդ կառույցի նշանակությունը:

Տաճարի նախագիծը մշակվել է ինժեներ-գնդապետ Ռուդենկովի կողմից․ նախածի համաձայն՝ այն կարող էր տեղավորել միաժամանակ 800 հավատացյալի: Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ա. Շտաուբերտի տիպային նախագծով:

Սբ Ալեքսանդրա եկեղեցու շինարարությունը վստահվել է հայ քարտաշ-որմնադիր վարպետներին: Վարպետ-շինարարներից հիշատակվում է միայն ուստա Գինոսի անունը, որը եղել է էսնաֆության ուստաբաշի:

Պատահական չէ, որ հենց հայ շինարարներին է պատվիրվել տաճարի կառուցումը՝ նրանց արհեստավարժությունը հայտնի էր տարածաշրջանում հազարամյակներով: Մյուս կողմից շինարարության մեջ այդ տարածաշրջանից արդյունահանվող տուֆի օգտագործման վարպետությանը լավագույնս տիրապետում էին հայ արհեստավորները։

Տաճարի շինարարությունը տևել է 5 տարի: Եկեղեցին օծվել է 1842թ․-ին:

Սբ Ալեքսանդրա տաճարը հիմնականում ծառայել է ռուս ուղղափառ զինվորականությանը: Հազարավոր զինվորներ այս եկեղեցում են օրհնություն ստացել ռազմական գործողություններից առաջ: Պահպանվել են նաև եկեղեցու պատմական լուսանկարները, որոնք արվել են 1870-80-ականներին Գյումրի այցելած լուսանկարիչներ Նիկիտինի ու Երմակովի կողմից:

Հիշատակման է արժանի այն փաստը, որ Սբ Ալեքսանդրա տաճարում է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբապատկերը (4.5х2.5), որի հեղինակն է Կ. Բրյուլովը։ Ինչպես նաև այստեղ է պահվել անհայտ անձի կողմից նվիրաբերված արժեքավոր պաստառ/դրոշ՝ «Արդահանի գրավումը. 1877թ. մայիսի 2» գրառմամբ:

Ցարի կողմից հիմնարկված ուղղափառ եկեղեցուն 20-րդ դարասկզբին ողբերգական ճակատագիր էր սպասվում: Օգտվելով 1917թ․-ին Ռուսական կայսրության անկման փաստից՝ թուրքական բանակը 1918-ի գարնանը ներխուժում է Հարավային Կովկաս, իսկ մայիսի 15-ին թուրքերը գրավում են Գյումրին։

Ալեքսանդրապոլի ամրոց է ներխուժում թուրքական մինչև 160 հոգանոց ջոկատը։ Բերդի կայազորի հիմնական ուժերն այդ ժամանակ գտնվում էին Ալեքսանդրապոլից դուրս։ Բերդում կային զինվորների 2 դասակ, կայազորի սպաների կանայք և երեխաներ, որոնք դուրս են գալիս բերդի պահեստային դարպասներով և թաքնվում Ախուրյան գետի կիրճում։

Տեսնելով եկեղեցին՝ թուրքերը որոշում են պղծել ու թալանել ուղղափառ հավատքի այդ սրբավայրը։

Սակայն գնդի քահանա Մատվեյ Միրոնովին հաջողվում է փակել եկեղեցու պատուհաններն ու ծանր դռների բոլոր փեղկերը։ Տաճարի դռները բացելու թուրքերի փորձերը՝ նույնիսկ փոքր հրետանու կիրառմամբ, անհաջողության են մատնվում: Եկեղեցի ներխուժելու ու թալանելու ձախողված փորձերից գազազած թուրք զինվորները հրկիզում են եկեղեցին։ Այն ամբողջությամբ այրվում է, խիզախ քահանա Մատվեյ Միրոնովը նույնպես ողջ-ողջ հրկիզվում է եկեղեցու ներսում։

1920թ-ին Հայաստանում հաստատվում են սովետական կարգեր, սկսվում են հալածանքներ ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ ևս։ Ուստի այդ տարիներին ավելորդ էր ակնկալել եկեղեցու վերակառուցումը։ Շուրջ 90 տարի եկեղեցին մնում է խոնարհված:

2008 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանավորությամբ սկսվում են եկեղեցու վերականգնողական աշխատանքները, իսկ 2009 թվականի մայիսի 8-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եկեղեցին օծվում է Մարկոս ​​եպս. Եգորևսկու կողմից։ Եկեղեցու վերականգնման ժամանակ վերանորովում է նաև 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմում զոհված գեներալ Ֆ.Ա. Գուբսկոյի հուշակոթողը, որը նախկինում գտնվում էր եկեղեցու բակում:

Այդ օրվանից ի վեր Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին հոգևոր լիարժեք կյանք է վարում՝ անխոնջ ծառայելով իր հավատացյալ հոտին։

Հեղինակ՝ Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը