Լրահոս

20.09.2024 07:58


Հնագետները Մասիսում նեոլիթյան ժամանակաշրջանի մանկան թաղումատեղի են հայտնաբերել (տեսանյութ)

Հնագետները Մասիսում նեոլիթյան ժամանակաշրջանի մանկան թաղումատեղի են  հայտնաբերել (տեսանյութ)

Օրեր առաջ հնագետների հայ-ամերիկյան խումբը Մասիս բլուր բնակատեղիում շարունակվող պեղումների արդյունքում հայտնաբերել է նեոլիթյան ժամանակաշրջանին թվագրվող մանկան թաղումատեղի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ հնագիտության բաժնի ղեկավար Քրիստինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ գտածոն բացառիկ նշանակություն ունի. մինչ օրս նեոլիթյան ժամանակաշրջանին թվագրվող ընդամենը 3 թաղումնավայր է հայտնաբերվել՝ որոնցից երկուսը՝ հենց Մասիս բլուր բնակատեղիից։

«Հիմա փորձում ենք հասկանալ՝ կառույցը որը հայտնաբերվել է ոսկորների մոտ, ասոցացվու՞մ է մանկան թաղման հետ, թե՞ ավելի ուշ է պատրաստվել՝ առանց իմանալու, որ այդ հատվածում երեխա կա թաղված»,–պատմեց հնագետը։

Քրիստինե Մարտիրոսյանի խոսքով, ոսկորները շուտով դուրս կհանեն հողից և կտեղափոխեն Հայաստանի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», մի փոքրիկ նմուշ էլ Քրիստինեն իր ուսանողների հետ կտանի ԱՄՆ՝ ԴՆԹ ուսումնասիրության համար։

«Անալիզներն օգնում են հասկանալ, թե ովքեր են եղել, ինչ գենետիկ փուլի ներկայացուցիչներ են այն մարդիկ, ովքեր բնակվել են արարատյան դաշտավայրում»,-նշեց հնագետը։

Նրա խոսքով, նախկինում հայտնաբերված նեոլիթյան թաղումատեղիների ուսումնասիրության շնորհիվ հայտնի է դարձել, որ հուղարկավորվածները պատկանում են կովկասյան որսորդ–հավաքիչների ԴՆԹ–ի խմբին, և որոշակիորեն համընկնում են հայերի գեներին։

«Մասիս բլուր» բնակատեղիում պեղումներ են իրականացվում 2012 թվականից։ Վեց աշխատանքային տարվա ընթացքում, Քրիստինե Մարտիրոսյանն իր խմբի հետ պեղումների իրականացման արդյունքում մի շարք գտածոներ է հայտնաբերել, որոնք հնարավորություն են տալիս որոշ չափով պատկերացում կազմել հին քարեդարյան մարդու կենցաղի մասին։ Նրա խոսքով, գտածոները փորձաքննությունների են ենթարկվել, և դրանց արդյունքների հիման վրա կարելի է ենթադրել, որ նեոլիթյան դարաշրջանի մարդիկ բավական մաքրասեր էին. հայտնաբերված կացարանների հատակներին ու գործիքների վրա կենդանական ու բուսական մնացորդների հետքեր չեն եղել։

Քրիստինե Մարտիրոսյանի խոսքով, գտածոներին նայելով կարելի է ենթադրել նաև, որ նոր քարեդարյան մարդիկ ոչ միայն գործիքների ֆունկցիոնալության, այլև արտաքին տեսքի մասին են մտածել։ Այդ մասին վկայում են պեղումների արդյունքում բնակատեղիից հայտնաբերված կախազարդերը, ուլունքները, կացինների փոքրիկ գլուխները, որոնք հարթ տաշված են և ունեն նախշեր։

Այս խորագրի վերջին նյութերը