Կարծիք

28.11.2011 12:50


Փչացածների իշխանություն

Փչացածների իշխանություն

Հայաստանում ընթացող հասրակական-քաղաքական զարգացումներին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե վերջին տարիներին իշխանական ընտրանու  առաջ հիմնականում մեկ խնդիր է դրված՝ փչացնել ամեն ինչ ու ամենքին և որոքան հնարավոր է՝ շատ ու հրապարակային: Փչանալու մոլուցքը անխտիր  վերաբերում է մշակութային, հասարակական, քաղաքական շրջանակներին և լրատվական դաշտին: Զարմանալին ու ցավալին այն է, որ վերոհիշյալ շրջանակներում ստեղծվել է մի միջավայր, որտեղ կարծես թե այլևս պարսավելի չէ հրապարակայնորեն մարմնի բոլոր բջիներով ծախվել իշխանությանը, այս դեպքում՝ անձամբ Սերժ Սարգսյանին,  և վերջինիս բարձր հովանու ներքո գովաբանել ու քծնել այն իշխանությանը, որը վերջին տարիներին հասցրել է ոչնչացնել տնտեսությունը, բառիս բուն իմաստով երկրի բնակչությանը Հայաստանից արտաքսել արտագնա աշխատանքի կամ մշտական բնակության, բարոյազրկել հասրակությանը, մեծացնել արդարության պակասը երկրում և տապալել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Փչացածների շքերթը մեծ թափ է հավաքում հատկապես ընտրություններից առաջ, երբ կենսական անհրաժեշտություն է դառնում նրանց օգտագործել ապաշնորհ իշխանության վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը աչքի է ընկել նրանով, որ իշխանավարման հենց սկզբից սկսեց իր շուրջը համախմբել բազմաթիվ անգամ օգտագործված քաղաքական ժողգործիքներին և նորահայտ փչածաներին: Ամենասկզբում արժանապատիվ ձեռքսեղմում է տեղի ուենում ԱԽՔ–ացման գործընթացի շրջանակններում, մեկն էլ  հանրային պալատի նախագահ է կարգվում, մյուսի դեպքում Սերժ Ազատիչը անձամբ է ներկայանում գրքի շնորհանդեսին, հետո մի երկու անգամ բոլորին հավաքում է Մարզահամերգային համալիրում և… Այս շարքը կարելի է երկար թվարկել: Հավանաբար գործող իշխանությունը ենթագիտակցաբար հասկացել է, որ պետականակործան և թալանչիական մոտեցումներով հազիվ թե ընկալվեն հասարակության առողջ խավերի կողմից, ուստի պետք է ապավինել փչացածներին ու լյումպեն խավերին: Կրքերը թեժանում են նախընտրական շրջանում, և բազմաթիվ անգամ պայթած ականներն ու փչացածները կրկին թատերական ներկայացում ու քաղաքական մերկապար են կազմակերպում հանրության համար:  Կան բաներ, որոնք օգտագործվում են մեկ անգամ, քանի որ դրանց բազմակի օգտագործումը հա՛մ հակահիգիենիկ է, հա՛մ էլ անարդյունավետ: Սակայն միանգամյա օգտագրոծման պարագաների համարժեք գործիչներին Սերժ Սարգսյանը որոշել է բազմակի օգտագործման ենթարկել, հավանաբար ֆինասնսատնտեսական ճգնաժամի պաճառով՝ հա՛մ համեմատաբար էժան են, հա՛մ էլ օգտագործվելու մեծ փորձ ունեն: Զուգահեռաբար հենց այս ժամանակահատվածում է, որ Սերժ Սարգսյանի ժողգործիքների համույթը պետք է համալրվի նորահայտ աստղերով, որոնց անունները կլսենք շատ մոտ ապագայում կամ արդեն սկսում ենք լսել: Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո փչացածների անսամբլը վայնասուն է դնում  այն ժամանակ, երբ իրական վտանգ է սկսում սպառնալ գործող իշխանությանը: Վառ ապացույցը Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր համագործակցության հեռանկարն է, և արդեն իսկ ականջ ծակող վայնասուններ են լսվում:

Միայն անկարողունակ և ապաշնորհ իշխանությունը կարող է հենվել փչացածների վրա, հասարկության առողջ և արարող հատվածի համար այդպիսի իշխանությունը անընդունելի և անհանդուրժելի է: Առանց փչացածների գոյության Սերժ Սարգսյանը հազիվ թե կարողանար պահպանել իր իշխանությունը և առավել ևս վերարտադրվելու փորձեր անել: Փչացածները ձևավորում են այն կեղտոտ միջավայրը, որտեղ քաղաքական բակտերիաները բազմանում ու բարգավաճում են:

Երկրում որակական փոփոխությունները պետք է սկսել փչացածների դեմ դաժան ու անխնա պայքարից, հատկապես նախընտրական շրջանում: Ոչնչացնելով և մաքրելով կեղտոտ միջավայրը՝ մեխանիկորեն կարելի է ձերբազատվել գործող իշխանություններից, կներեք՝ բակտերիաներից:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը