Աշխարհ

16.09.2024 09:12


Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ է տեղի ունեցել

Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ է տեղի ունեցել

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 15-ին ևս մեկ մահափորձ է տեղի ունեցել, երբ նա Ֆլորիդայում գտնվող իր գոլֆի դաշտում գոլֆ էր խաղում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Գաղտնի ծառայության գործակալները կասկածյալի ինքնաձիգի փողը նկատել են թփերում՝ Թրամփի խաղալու վայրից 360-460 մետր հեռավորության վրա, տեղական ժամանակով 13:30-ին։ Նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են, և կասկածյալը դեպքի վայրից փախել է Nissan մակնիշի մեքենայով՝ այնտեղ թողնելով ԱԿ-47 տեսակի ինքնաձիգ և որոշ այլ իրեր։

Ականատեսներից մեկը տեսել է հրաձիգին և նկարել նրա ավտոմեքենան ու պետհամարանիշը։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է գոլֆի դաշտից 65 կմ հեռավորության վրա։

Վկայակոչելով պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում, CNN-ը, Fox News-ը և The News York Times-ը հայտնել են, որ կասկածյալը 58-ամյա Ռայան Ուեսլին է՝ Հավայիից։ Հետախուզության դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը The News York Times-ին հայտնել է, որ խոսել է նախկին նախագահ Թրամփի հետ, որն իր երախտագիտությունն է հայտնել գաղտնի գործակալներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկացրել են միջադեպի մասին։ Նրանք հայտնել են, որ «թեթևացած են», որ Թրամփն ապահով է։

Դոնալդ Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ էր տեղի ունեցել հուլիսի 13-ին, Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։

Այս խորագրի վերջին նյութերը