Մեկնաբանություն

27.11.2011 15:58


Ստամոքսային դրախտի ջատագովները

Ստամոքսային դրախտի ջատագովները

Նողկալի է հետևելը, թե ինչպես են իրենց ընդդիմադիր ներկայացնող որոշ թերթերն ու կայքերը, սրճարանային մտավորականի ու գռդոնչի լրագրողի կարգավիճակը Միշիկին կից «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցում հաստիքային աշխատողի «պատասխանատու» դերի հետ փոխած սուբյեկտները դժգոհում առ այն, որ Տեր–Պետրոսյանը (ինչպիսի՜ հանցագործություն) պատրաստ է ԲՀԿ–ի ու մյուսների հետ համատեղ հեռացնել Սերժ Սարգսյանին։

Մյուս կողմից էլ զարմանալու և զայրանալու կարիք չկա։ «Ընդդիմադիրները» հենց այդպես էլ պետք է լինեն՝ դժգոհեն երկրում տիրող իրավիճակից, բայց սնվեն Բաղրամյան 26–ից և, բնականաբար, դեմ արտահայտվեն Սերժի հեռացմանը։

Ապրի՛ Միշիկը, ապրի՛։ Քոչարյանի նախագահության ժամանակ սրանք նույն ոճով պատրաստ էին ծառայել երկրորդ նախագահին, սակայն մերժվեցին, քանզի «երկկենցաղ» լրագրությունը չէր խրախուսվում, իսկ նրանք, ովքեր այն օրերին խրախուսվում էին՝ այսօր Սերժ Սարգսյանին սատարողների բանակում են հայտնվել (շատ հաճախ՝ «լևոնականի» անվան տակ)։

Այժմյան «սերժատուների» մեծ մասը քոչարյանական կառավարման շրջանում «հաճույք ստանալ, բայց կույս մնալ» ծրագիրն իրագործելու հնարավորությունից զրկվել էին, իսկ հիմա նրանց համար եկել են երանելի ժամանակներ. Հայաստանն անկման մեջ է, արտագաղթը սարսափելի չափերի է հասնում, իսկ իրենք դրա արդյունքում կուշտ են։ Եթե Հայաստանում վիճակը լավ լիներ, ապա ծախուների կարիքը չէր զգացվի։ Հետևաբար՝ «որքան վատ, այնքան լավ»–ն է դարձել «ընդդիմադիրների» կարգախոսը։

Իրենք՝ ծախուները, ըստ այդմ,  կշտանում են Հայաստանի անկման հաշվին, ու որպեսզի խրախճանքն այդ շարունակվի՝ Սերժը պետք է վերարտադրվի, իսկ Միշիկն էլ տիրություն անի «սերժատուներին»։ Ահա ա՛յս մարդիկ են դեմ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» բանաձևին, որովհետև դա նշանակում է նաև «Հայաստանն առանց «սերժատուների»», ինչը գաստրոնոմիական հարթության վրա սթրեսային իրավիճակի պատճառ է դառնում և հունից հանում ոմանց։

«Ինչպե՞ս կարել է խաթարել ճահճային կայունությունն ու «կոռմի» ապահովման հոսքագծի աշխատանքը»,– վրդովված են «ընդդիմադիրները»։ Սրանց համար լավ Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ «երկխոսող» և նրա իշխանության կայունության երաշխիքի դեր կատարող Տեր–Պետրոսյանն է, բայց երբ նույն Տեր–Պետրոսյանը Սերժին հեռացնելու համար ուզում է իրական երկխոսություն ծավալել քաղաքական տարբեր ուժերի հետ՝ «սկզբունքային» գրչակների համար նա միանգամից դառնում է վատը։

Փաստորեն, «ընդդիմադիր» լրագրողները, «վերլուծաբանները», սրճարանային մտավորականներն այնքանով էին կողմ Լևոն Տեր–Պետրոսյանին, որքանով, որ նա իր քաղաքականությամբ, ըստ էության, սատարում էր Սերժ Սարգսյանին ու ոչինչ, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարն այդ ընթացքում հայհոյվում էր. կարևորը, որ նա մնար նախագահական նստավայրում ու «որակական հեղափոխության» նախապատրաստման շրջանակներում կերակրեր իրենց։ Հենց որ ՀԱԿ առաջնորդը փոխեց իր վարքագիծն ու սկսեց ուղիներ փնտրել Սարգսյանին հեռացնելու համար՝ «սերժատուները» բացահայտվեցին և տիեզերական մասշտաբների ոռնոց բարձրացրեցին։

Սերժացե՛ք, «ընդդիմադիրներ», կյանքը կարճ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը