Քաղաքական

25.11.2011 20:16


Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնակության հռչակագիրը

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնակության հռչակագիրը

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօրվա հանրահավքում ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնակության համար կազմված հռչակագիրը։ Այն դրվել է քվեարկության և հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունվել միաձայն։

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագրում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։

Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաև պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը և չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։

Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետևյալ հիմքերը.

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների և այդ կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը

1. Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։

2. Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված պաշտոնյաների ադմինիստրատիվ և քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային և այլ կառույցները` նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված 2)։

3. Որպես վարչապետ և խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը և վավերացմանը, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ և հրազենի օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետևանքով եղավ առնվազն 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։

4. Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները։ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետևալ ծանր հանցագործությունները.

5. Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը (հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։

6. Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը ինքնին ծանր հանցագործություն է ։ 7. Չի ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք վերածվել են գործադիր իշխանության և բարձաստիճան իշխանավորների պատվերների ու հրահանգների կատարման գրասենյակների։

8. Չարաշահելով վարչապետի և նախագահի պաշտոնները` սեփական հարստացման նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել և զարգացրել է իր և իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների և հարկային ու մաքսային արտոնությունների համակարգը:

9. Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսևորել է հանցավոր անգործություն, ինչի հետևանքով խաղաղ պայմաններում միայն կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել և զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:

2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման և հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետևանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ և դրա կանխման միակ ձևը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից»։

Այս խորագրի վերջին նյութերը