Մեկնաբանություն

25.11.2011 17:34


Իշխանության փլուզման մեխանիկան

Իշխանության փլուզման մեխանիկան

Իջևանյան ընտրություններից և կրած պարտությունից հետո Սերժ Սարգսյանն աշխատում է երկու ճակատով` «գաղափարական» և ոստիկանական: «Գաղափարական» պայքարի շրջանակներում «ազատ, բայց սերժատու» մամուլին իջեցվում են պատվերներ՝ «Սա նախագահի նվերն էր ԲՀԿ-ին»,  «ՀՀԿ–ն չի պայքարել»,  «Խոսացած խաղ էր»  և այլ նման վարկածներով: Սրանով փորձ է արվում իմիտացիա ստեղծել, թե Սերժը տիրապետում է իրավիճակին, այնինչ իրականում լրիվ հակառակ պատկերն է։

«Գաղափարական» աշխատանքին զուգահեռ ոստիկանական մեքենան ողջ հանրապետությունով մեկ սկսել է աշխատել ԲՀԿ ակտիվիստների և ԲՀԿ ռեգիոնալ ղեկավարների դեմ: Մի քանի ժամով կամ օրով մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ` զրույցի: Մեկի գրպանում են   պլան «գտնում», մյուսի` մեքենայում  և այլն: Երրորդներին` առանց պատճառի: Երբեմն տեղի են ունենում նողկալի միջադեպեր. Օրինակ օրեր առաջ ոստիկանություն են տարել ԲՀԿ-ական քավորի` հենց հարսանիքի վայրից: Սրանք, իհարկե,  ցուցադրական ելույթի շրջանակներում է:  Զուգահեռաբար նույն «սերժատու» մամուլը (հիմնականում 1-2 կայք, և մեկ օրաթերթ) անընդհատ «գաղափարական» երանգ են տալիս իշխանության ակնհայտ ցայտնոտային քայլերին:

Սա խնդրի երևացող մասն է: Սակայն խորքում գնում  է լրիվ ուրիշ պրոցես: Օրինակ, երբ իշխանությունները սկսում են հետապնդել որևէ բնակավայրի ԲՀԿ-ական ակտիվիստին, որը կարող  է լինել կամ գործարար, կամ պաշտոնյա, կամ դպրոցի տնօրեն կամ թեկուզ` տվյալ բնակավայրում հարգված մեկը, ապա անմիջապես այդ վայրում կտրուկ ավելանում է ԲՀԿ-ին անդամագրվել ցանկացողների թիվը:  Սա, ի դեպ, հավաստի աղբյուրների համաձայն, ֆիքսել է նաև իշխանությունը ու փորձում է պատճառները հասկանալ: Բայց պատճառներն այնքան էլ բարդ չեն: Ժողովրդի մեջ արդեն տարածվել է «Ընդդեմ Սերժ Սարգսյանի» մթնոլորտը ու դրանից հետո, իսկապես, էլ խաղ չկա:

Երբ իշխանությունը թքում է այս հասարակության արժեքների ու սրբությունների վրա` հարամում է մարդկանց հարսանիքը, ապա հարսանիքի բոլոր մասնակիցները և պատմությանը ծանոթ չեզոք մարդիկ, դառնում են այդ իշխանության «ոխերիմ  բարեկամները»: Սա, թեև մասնավոր օրինակ է, սակայն, շատ խոսուն:

Երբ ԲՀԿ-ական ակտիվիստներին տանում են ոստիկանական բաժանմունքներ ու բարձրաստիճան ոստիկանները իրենց աշխատասենյակներում ասում են «մեզ ճիշտ հասկացեք, մեզ էլ են զզվացրել, մի բան արեք սրանցից պրծնենք» ԲՀԿ-ական ակտիվիստները շատ ճիշտ են հասկանում ու դուրս գալուց հետո անմիջապես տեղ հասնում ու սկսում աշխատել ավելի մեծ եռանդով:

Ընդամենը 1-2 տարի առաջ նման բան չկար: Դանակը հասել է ոսկորին: Նույն ոստիկանը, շարքայինից մինչև բարձրաստիճան, շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում, ու որ երկիրը, որտեղ պետք է ապրեն իրենց ընտանքիներն  ու երեխաները` կանգնած է ռեալ փլուզման առաջ: Մենք բոլորս հո գերին չենք 3-4 մարդու: Սա՛ է հիմնական հարցը, որ պետք է հասանելի դառնա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Պարզ է, որ իշխանություններն այսուհետ փորձելու են ուժեղացնել իրենց «գաղափարական» և ոստիկանական ճնշումները: Պարզ է նաև, որ դրանք ուղղվելու են բոլոր նրանց դեմ, ովքեր պոտենցիալ իրենց հետ չեն: Բայց մյուս կողմից էլ պարզ է, որ իշխանությունը չունի ռեսուրս ժողովրդի ճնշող մեծամասնության դեմ պայքարելու:

Ի վերջո, սա Լիսկայի վրա «քաշված» ու Լիսկայի հույսին մնացած իշխանություն է, որը  փլուզվելու է առաջին իսկ թեթև քամուց։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը