Կարծիք

04.09.2024 10:36


Ադրբեջանում անցկացվեցին հերթական «ազատ և արդար» ընտրությունները. Վրաստանում ընտրությունը հոկտեմբերի 26-ին է. տեսնենք, թե ԱՄՆ-ն ինչպես կարձագանքի

Ադրբեջանում անցկացվեցին հերթական «ազատ և արդար» ընտրությունները. Վրաստանում ընտրությունը հոկտեմբերի 26-ին է. տեսնենք, թե ԱՄՆ-ն ինչպես կարձագանքի

Եվ այսպես, սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվեցին հերթական խորհրդարանական «ընտրությունները»:

Թեև այն արտահերթ էր, սակայն պարզ էր, որ դրանից, այս «ընտրությունների» իրական բովանդակությունը չէր փոխվելու:

Ինչպես և սպասվում էր, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կրկին հաղթանակ տարավ։ Քվեաթերթիկների 91 տոկոսը հաշվելուց հետո պարզ դարձավ, որ այն, ինչպես նախորդ գումարման ժամանակ, կստանա 68 պատգամավորական մանդատ՝ 125-ից։ Մնացած մանդատները, նախնական տվյալներով, կբաշխվեն նախագահին հավատարիմ մյուս ուժերի միջև։

Ինչպես միշտ, ընդդիմությունն այս խորհրդարանում, ներկայացված չի լինի:

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատը հայտարարեց ընտրությունները բոյկոտելու մասին, իսկ «Մուսավաթ» կուսակցությունը 15 տարվա մեջ առաջին անգամ որոշեց մասնակցել այս «ընտրություններին», սակայն այդպես էլ խորհրդարանում ոչ մի մանդատ չստացավ:

Դրան զուգահեռ, Ադրբեջանի ընդդիմադիր կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ էր արել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին կասկածի տակ դնել հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։ Ընդդիմությունը միաժամանակ վկայակոչեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցը, որտեղ ասվում էր, որ «ընտրություններն անցել են սահմանափակումների մթնոլորտում, դրանք նշանավորվել են քննադատական ​​ձայների ճնշմամբ և քաղաքական այլընտրանքների բացակայությամբ», նշել է, որ այն չպետք է լեգիտիմ ընդունվի ԵՄ-ի կողմից։

Սակայն նույնիսկ այս աստիճանի տոտալ վերահսկողության պայմաններում, Ադրբեջանի բնակչությունը փաստացի բոյկոտեց այս ընտրությունները, քանզի մասնակցության աստիճանը գրանցվեց աննախադեպ ցածր՝ 37 տոկոսի մակարդակի վրա:

Իհարկե, ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ճանաչի այս «ընտրությունները» լեգիտիմ, սակայն դրանից հետո ոչ մի պատժամիջոց չի լինի:

Մինչդեռ հոկտեմբերի 26-ին անցկացվելիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասով մենք բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է գործելու արևմտյան քարոզչամեքենան:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Վրաստանի պարագայում, եթե իշխող ուժը հաղթանակ տանի, ապա այն ոչ միայն չի ճանաչվելու օրինական, այլև պատժամիջոցներ են կիրառվելու այդ երկրի իշխանությունների նկատմամբ:

Թեև վրացական և ադրբեջանական ընտրություններն իրար հետ չի կարելի համեմատել:

Մեր ժողովուրդն ականատես կլինի արևմտյան երկերսանիությանը, ցինիզմին, և բոլորի համար պարզ կդառնա, որ նրանց արձագանքների տրամաբանությունը կապ չունի իրական դեմոկրատական արժեքների հետ:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը