Քաղաքական

02.05.2009 15:21


Հովսեփ Խուրշուդյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի մասին

Հովսեփ Խուրշուդյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի մասին

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը գնահատելու որևէ խնդիր չունեմ,- «7 օր»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցին, թե ՀԱԿ գաղափարական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հայ-թուրքկան բանակցություններում չորս կետերից երեքի հետ իշխանություններին աջակցելու կոչից հետո «Ժառանգությունը» նույն հարաբերություննե՞րն է պահպանելու ՀԱԿ-ի հետ, Հ. Խուրշուդյանը պատասխանել է.

-Չեմ կարծում, որ այս կամ այն խնդրի շուրջ տարաձայնությունները հիմք են հարաբերություններ ուղղորդելու կամ վերագնահատելու։ Ամեն դեպքում, մենք ի սկզբանե ասել ենք, որ շատ հարցերում շատ այլ քաղաքական ուժերի հետ տարբեր մոտեցումներ կարող ենք ունենալ։ Նույն այս՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, մենք ասել ենք, թե գտնում ենք, որ, օրինակ, Կարսի պայմանագրի վավերացումը թուրքական կողմից առաջադրված նախապայմանին տուրք տալ է նշանակում։

Ըստ Հ. Խուրշուդյանի, առանց  որևէ նախապայմանների հարաբերությունների հաստատումը ենթադրում էր, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին, բացվեին սահմանները։ Իսկ փակ սահմանը միջազգային բոլոր իրավական նորմերի ակնհայտ խախտում է։

-Դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո պետք է քննարկվեին մնացած բոլոր խնդրահարույց կետերը։ Իսկ այդ խնդրահարույց կետերը մեկը չեն, բազմաթիվ են։ Այս հարցում մենք տարբեր տեսակետներ  ունենք ՀԱԿ-ի հետ ,-ասել է «Ժառանգության» մամլո խոսնակը։

«Առաջիկա ընտրություններում ձեր ընտրազանգվածին շարունակելու եք կոչ անել, որ սատարեն ՀԱԿ-ին, թե՞...»

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչու՞մն է կայանալու իշխանությունների և ՀԱԿ-ի համագործակցությունը։ Քարոզարշավը նոր է սկսվում և ժամանակ դեռ կա։ Ամեն դեպքում, մենք մեր համակիրներին կոչ ենք արել իրենց ձայնը տալ ընդդիմությանը, և չեմ կարծում, որ այդ կոչի մեջ փոփոխության կարիք կա,– պատասխանել է Հովսեփ Խուրշուդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը