Քաղաքական

30.08.2024 12:32


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ

Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության, հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։

Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։

Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։

Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։

Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։

Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։

Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:

Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:

Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։

Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում։

Որքա՞ն ժամանակ կարող է տևել վավերացման գործընթացը:

Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը