Քաղաքական

25.11.2011 09:58


Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
2011 թվականի նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հանրապետության Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ:

ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը:

Միաժամանակ ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:

Ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու իշխանության ստանձնած քաղաքական պարտավորության իրականացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը դարձել է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Նամակում արծարծված հարցերի գերակշռող մեծամասնությունը իրենց կարգավորումն են ստացել նոր օրենսգրքի մեջ և դրանք առավել առարկայական ու չափելի կարող են դառնալ բուն ընտրական գործընթացներում: Այս պարագայում հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն:

Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ:

Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը: Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը:

ՀՀԿ խոսնակ ,ԱԺ «Հանրապետական » խմբակցության քարտուղար Է. Շարմազանով

Այս խորագրի վերջին նյութերը