Քաղաքական

24.08.2024 09:06


Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև (տեսանյութ)

Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև (տեսանյութ)

Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:

«Կովկասում խճճված իրավիճակ է։ Ըստ իս, ավելի ու ավելի շատ այն կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Թեև, իրենց մրցակցության առումով առայժմ Կովկասը համարվում էր ծայրամասային՝ ոչ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նման, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ չինացիները գծագրում են իրենց Եվրասիական հաղորդակցման ուղիները, ամերիկացիները, այս կամ այն կերպ, անընդհատ երևում են: Մենք դա տեսել ենք Վրաստանում, այնտեղ ուղղակի ցուցումներ են եղել»,-ընդգծեց քաղաքագետը։

Վերջին շրջանում արտաքին խաղացողների և մասնավորապես Արևմուտքի կողմից տարածաշրջանի նկատմամբ աճել է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Արեշևն ասում է, Արևմուտքը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և առաջ մղում սեփական շահերը՝ օգտագործելով իր հնարավորությունները Երևանում: Իր հերթին Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առաջին հերթին ուղղված է արևմտյան լսարանին: Փորձագետը նկատում է, որ Հայաստանի ներկայացված հեռանկարային հնարավորությունները դեռ պետք է իրագործվեն։

«Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնավորման» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիների որոշակի հատվածներին, և՛ մասամբ ավտոճանապարհներին, և՛ այլ ուղեկամուրջներին և տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր տրանզիտերների համար»,-նշել է նա։

Վերադառնալով ամերիկա-չինական շահերի բախման թեմային՝ Արեշևը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքների վրա ազդելու ամերիկյան փորձերը կապված են Չինաստանի տնտեսական գործունեությունը դժվարացնելու մտադրության հետ:

Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ՉԺՀ-ն վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ի մասնավորի, ռազմավարական հռչակագիրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Չինաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սի Ծինփինը և Իլհամ Ալիևը: Չինաստանը ենթադրում է Կովկասյան լոգիստիկ երթուղիների օգտագործում դեպի «Անակլիա» նավահանգիստ՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է Ուկրաինայում արդեն երրորդ տարին շարունակվող իրավիճակի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը