Լրահոս

23.08.2024 18:06


Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարության հետևանքով ինստիտուտի նկուղում պատ է փլուզվել

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարության հետևանքով ինստիտուտի նկուղում պատ է փլուզվել

«Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարական աշխատանքները մոտ մեկ ամիս առաջ վերսկսվել են. քաղաքապետարանն ամեն ինչ անում է այդ անօրինական կառուցապատմանն աջակցելու համար»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը՝ նշելով, որ շինարարական աշխատանքների հետևանքով երկու շաբաթ առաջ ինստիտուտի մասնաշենքերից մեկի նկուղում միջսենյակային պատ է փլուզվել։

«Հաղորդում ներկայացրինք ոստիկանություն, եկան, ասացին՝ փլատակների տակ մարդ մնացե՞լ է, ասացինք՝ ոչ, պատասխանեցին՝ բա էլ ի՞նչու եք կանչել։ Բախտներս բերել է, որ այն մասնաշենքում է փլուզումը տեղի ունեցել, որտեղ քիմիական նյութեր քիչ կան, եթե մեր մասնաշենքում տեղի ունենար այդ փլուզումը, 3-4 օր կպահանջվեր քիմիական նյութերի պայթյունից առաջացած հրդեհը մարելու համար»,–ասաց ինստիտուտի փոխտնօրենը։

Ռոբերտ Հակոբյանը հիշեցնում է՝ ապրիլին դատարանի որոշմամաբ շինարարական աշխատանքները կասեցվել էին, սակայն որոշ ժամանակ անց՝ անհասկանալի հանգամանքներում վերսկսվել են։

«Մենք դիմել էինք դատարան՝ շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջով։ Մեր միջնորդությունը բավարարվել էր։ Թե՛ կառուցապատողը, թե՛ քաղաքապետարանը դիմել էին Վերաքննիչ դատարան՝ սակայն որոշումը չէր չեղարկվել։ Երեք ամիս անց, չգիտենք ինչպես ստացվեց, կառուցապատողը դիմեց առաջին ատյանի դատարան և որոշումը չեղարկվես։ Հուլիսի 20-ին Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ իրականացվող կառուցապատման աշխատանքները վերսկսվեցին»,–պատմեց Ռոբերտ Հակոբյանը։

Ինստիտուտի փոխտնօրենի խոսքով, շինարարական աղմուկի, փոշու ու ցնցումների պայմաններում աշխատելը գնալով ավելի անհնար է դառնում։ Դեռ ամիսներ առաջ թե քաղաքապետարանը, թե ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էին, իրենց ուշադրության կենտրոնում պահել խնդիրը և ամեն ինչ անել հարցի լուծման համար, սակայն Ռոբերտ Հակոբյանի խոսքով Ժաննա Անդրեասյանն այդպես էլ չկազմակերպեց խոստացված հանդիպումը, քաղաքապետարանն էլ ամեն ինչ անում է, որ շինարարությունը տեղի ունենա։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում էին, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Կառավարությունից նրանց ուղորդել էին ԿԳՄՍ նախարարություն, պարզաբանելով, որ հարցը այդ նախարարության իրավասությունների տիրույթում է:

Թեև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել էր Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների ներկայացրած խնդրին մանրամասն ծանոթանալ և սեղմ ժամկետներում պատասխանել աշխատակիցների պահանջին, մինչ օրս չի հանդիպել նրանց հետ։

Այս խորագրի վերջին նյութերը