Քաղաքական

24.11.2011 14:54


Լ. Գալստյան. «Գնալով խալիֆայություն ենք դառնում»

Լ. Գալստյան. «Գնալով խալիֆայություն ենք դառնում»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ մեր իրականության մասին ընդդիմությունից շատ ավելի խիստ հայտարարություններով հանդես են գալիս ՀՀ նախագահը և վարչապետը, սակայն դրանք որևէ արժեք չունեն, քանի որ մնում են կեղծ բարոյախոսության շարքում, եթե չկան համապատասխան գործողություններ։

Արտակ Զաքարյանը հակադարձել է, որ բոլորս էլ նույն երկրում ենք ապրում և տեսնում ենք տեղի ունեցող դրական և բացասական երևույթները, բայց չի կարելի ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել, ու միայն պսևդոարժեքներն են գերակայում։

Լիլիթ Գալստյանը մի շարք ցուցանիշներ է բերել, համաձայն որոնց՝ նախորդ ամսվա համեմատ 18%–ով տնտեսական անկում կա, իսկ արտահանումը նվազել է 21%–ով։

–Այս ցուցանիշների լավագույն արտահայտությունը նախորդ տարվա համեմատ արձանագրված ահռելի արտագաղթն է,–պնդել է Լ. Գալստյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, որ այդ ամենի պատճառը տնտեսական ճգնաժամն է, իսկ դրա հաղթահարումը կախված է առկա ներքին և արտաքին ռեսուրսներից։

Սակայն Լիլիթ Գալստյանը նշել է, որ ներքին ռեսուրսների մեջ մտնում է նաև արդյունավետ կառավարումը։

Երբ երկիրը կառավարում են մարդիկ, ովքեր բյուջեի քննարկման ժամանակ շարիկ գլորելով են զբաղված, և նախարարներ, ովքեր անգործության են մատնված, դա ցույց է տալիս կառավարման անարդյունավետությունը,–նկատել է ՀՅԴ պատգամավորը՝ հավելելով,–եթե չլիներ տնտեսական ճգնաժամը, ինչի՞ց պիտի կառչեր կառավարությունը։

Եթե հայտարարում ես, որ հավատարիմ ես եվրոպական արժեքներին և սեփական երկրում իշխանությունն իրականացնում ես արևելյան երկրի կլանային տիպի համակարգով, որտեղ ընտանեկան թայֆայությունները ժառանգական արմատավորում են ստանում, այդ ամենը զրոյի է հավասարվում,–ասել է Լ. Գալստյանը և ավելացրել,–գնալով խալիֆայություն ենք դառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը