Քաղաքական

17.08.2024 08:58


Փաշինյանը հայ հասարակության ներսում ստեղծել է անբնական հակառուսականություն․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

Փաշինյանը հայ հասարակության ներսում ստեղծել է անբնական հակառուսականություն․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

Իշխանությունները հասարակությանը սնուցում են հակառուսականություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Politik.am» կայքի խմբագիր, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին։

«Հակառուսականությունը, որ սնուցվում է իշխանությունների կողմից, կարող է արմատավորվել ու սերունդների վրա ազդեցություն թողնել միայն կրթական համակարգի միջոցով։ Սա առաջին դրսևորումն է ու շարունակական կլինի։ «Հայոց պատմություն» դասագրքում կեղծվել են ոչ միայն ռուսների հետ առնչվող դրվագներ, այլև հայերին առնչվող։ Դասագրքի հեղինակը պաշտպանում է այդ կեղծիքները՝ ասելով, որ դրանք են պատմական փաստերը։

Ինքը մեկնաբանություն էր տվել՝ նշելով, որ երեխաներին պետք է տալ քննադատական մտածողություն։ Աշխարհում երևի թե չկա մի այնպիսի դպրոց, որտեղ պատմությունը նման կերպ դասավանդեն երեխաներին։ Պատմությունը և պատմության դասագրքերը պետք է օգնեն սերունդների մտածելակերպի ձևավորմանը»,-ասել է նա։

Բորիս Մուրազին նկատել է, որ նույնիսկ շատ ՔՊ-ականներ հակաթուրքական զգացում ունեն։

«Այն հասարակությանը, որ ձևավորված էր մինչև 2018թ․ գրքերի հիման վրա, դժվար թե Փաշինյանը և ՔՊ-ն կարողանան տանել դեպի Թուրքիա։ Անգամ ՔՊ-ի ամենավառ աջակիցների մոտ կա հակաթուրքական զգացում։ Դրական իմաստով հայ հասարակության որոշ շրջանի մոտ նստվածք կա, որը հնարավոր չէ ամենօրյա մեդիաքարոզչությամբ մաքրել։ Ուստի պետք է սերունդների վրա աշխատել դպրոցներից սկսած։ Օրինակ՝ հաճախ զավեշտի կարող է հասնել այն ամենը, ինչ իրենք առաջարկում են։

Պատկերացնենք, որ Ռուսաստանն ասի՝ այո, ընդունում ենք, որ օկուպացրել ենք ձեզ, վերադարձնում ենք մինչև օկուպացիոն վիճակը։ Ի՞նչ է ստացվում։

Հարյուր հազարավոր հայեր են տեղափոխվել այստեղ։ Այս մարդիկ, որոնք վերադարձել են այսօրվա Հայաստան, արտաքսվել էին շահի կողմից տարիներ առաջ ու ռուսները ինչ-որ իմաստով վերականգնել են այդ դեմոգրաֆիկ արդարությունը։ Ո՞նց է ստացվել, որ ռուսական, այսպես ասած, օկուպացված տարածքում հնարավոր եղավ ստեղծել հայկական պետություն, իսկ, օրինակ, թուրքականի կամ պարսկականի դեպքում դա հնարավոր չեղավ»,-հռետորական հարց է տվել Բորիս Մուրազին։

Մեր զրուցակիցը նաև ասել է, որ հայերը տարիներ առաջ նախընտրել են լինել քրիստոնեություն, այլ ոչ թե մահմեդականություն դավանող որևէ կայսրության տիրապետության տակ։

«Այդ ի՞նչ օկուպացիա էր, որ բերեց պետականության, որ Հայաստանում ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ։ Անկախ պետություններում ժողովուրդները իրենց բարձրագույն կետում են գտնվում և ունենում են անկախ պետականություն։ Բայց պետք է նկատել, որ, վստահաբար, հայերով բնակեցված պատմական հայկական տարածքներն ավելի նախընտրելի էին, որ գտնվեին քրիստոնեական որևէ կայսրության տիրապետության տակ, քան մահմեդական։

Թեև այն ժամանակ Պարսկաստանը թուրքերից ավելի տարբերվող մոտեցում ուներ հայերի նկատմամբ, բայց դա ամեն պարագայում այլ դավանանքի պատկանող կայսրություն էր ու իր ազդեցությունը թողնելու էր Հայաստանի վրա»,-եզրափակել է Բորիս Մուրազին։

Այս խորագրի վերջին նյութերը