Քաղաքական

11.08.2024 13:30


«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունն՝ ի պաշտպանություն եզդիների

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունն՝ ի պաշտպանություն եզդիների

Այս տարվա օգոստոսի 3-ին լրացավ Իրաքի եզդիների նկատմամբ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը։

10 տարի անց Իրաքի հյուսիսում՝ իրենց պատմական բնակավայրերում ապրող եզդիները կրկին թիրախավորվում են ծայրահեղական խմբավորումների կողմից։ Եզդի ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելու, եզդիներին սպանելու կոչեր են հնչում։ Իրավիճակն այնքան լարված է, որ ցեղասպանությունից հետո Իրաքի քրդական ինքնավարության տարածքում ապաստան գտած եզդիները ստիպված են եղել տասնյակ հազարներով շտապ հեռանալ այդտեղից։

Մենք կապ ենք հաստատել Իրաքի եզդի առաջնորդների հետ, ովքեր լրջորեն անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ Նրանք հույս ունեն, որ քրդական ինքնավարության իշխանությունները կկասեցնեն ծայրահեղականների սադրանքները և հարձակումները եզդիների նկատմամբ։ Եզդի առաջնորդները նաև մտահոգված են այն լուրերից, ըստ որոնց՝ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները պատրաստվում են համաներմամբ բանտերից ազատ արձակել 2014 թվականին եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրագործած հարյուրավոր ահաբեկիչների։

«Մայր Հայաստանն» իր զորակցությունն է հայտնում Իրաքում բնակվող բարեկամ եզդի ժողովրդին։ Մենք Արցախի օրինակով շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում էթնիկ զտումը և հուսով ենք, որ եզդիները կխուսափեն դրանից։

Միջազգային հանրությունը չպետք է հերթական անգամ դիտորդի կարգավիճակով հետևի իրադարձություններին։

Կոչ ենք անում ՄԱԿ–ին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին արագ արձագանքել և թույլ չտալ հերթական էթնիկ զտումը։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

11.08.2024թ

Այս խորագրի վերջին նյութերը