Կարծիք

09.08.2024 14:38


«Խաղաղության խաչմերուկը»՝ «Փաշինյանական տուպիկ». այժմ արդեն պաշտոնապես (տեսանյութ)

«Խաղաղության խաչմերուկը»՝ «Փաշինյանական տուպիկ». այժմ արդեն պաշտոնապես (տեսանյութ)

(Փաշինյանը դեռ քանի՞ անգամ է պատրաստվում հանձնել Արցախը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Եկեք արձանագրենք՝ քաղաքական գործընթացը ոչ միայն անձերի, առաջնորդների, կուսակցությունների, կլանների, կապիտալի պայքար է, այլ նաև քաղաքական պրոյեկտների պայքար։ 2021 թվականին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական պրոյեկտը կառուցվեց խաղաղության հայեցակարգի շուրջ։

Հայեցակարգ, որը «գետնի վրա» պետք է ունենար հետևյալ դրսևորումները՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով (տե՛ս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը 2021 թվականի ընտրությունների ժամանակ), իսկ Հայաստանի համար՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում։

2021-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը ոչ միայն մուրճը թափահարեց, այլև խոսեց «խաղաղության դարաշրջանի» մասին։ Հետագայում այս «խաղաղության դարաշրջանի» ուրվագծերը սկսեցին ավելի կոնկրետ նկարագրվել՝ Հայաստանի համար «կադաստրային վկայականի» ստացում (Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում), սահմանների սահմանազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում։

Ի՞նչ ունենք մինչև 2024 թվականի ամառվա վերջի դրությամբ:

1. Արցախը հանձնվեց Ադրբեջանին առանց հայերի, առանց կարգավիճակի մասին բանակցությունների:
2. Պաշտոնական Բաքուն, ըստ Հայաստանի իշխանությունների, հրաժարվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, այսինքն՝ հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
3. Հստակություն չկա նաև այն սկզբունքների և քարտեզների հարցում, որոնց հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրականացնել սահմանների սահմանազատում։ Ավելին, անցած տարեվերջին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հնարավոր համարեց քննարկել մի տարբերակ, որում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը քննարկվի առանձին՝ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։
4. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումները և վերադառնալ դրանց ավելի ուշ, հաստատել է, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, և որ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանվել է խաղաղության համաձայնագրի նախագծից՝ փաստացի հաստատելով, որ հաղորդակցությունները շուտով մոտակա ժամանակահատվածում չեն բացվելու։

Այսինքն՝ քաղաքական այն պրոյեկտը, որով Փաշինյանը մնաց իշխանության, ձախողվել է։ Բաքուն ստացավ Արցախը՝ Տավուշի մարզի տարածքների մի մասը, հրաժարվեց ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվեց բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։

Սա մեզ տանում է 2 եզրակացության.

1. Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կլինի Արցախի հերթական հանձնումը՝ Փաշինյանը առաջին անգամ Արցախը հանձնեց 2022-ի հոկտեմբերին Պրահայում, հետո 2023-ի հոկտեմբերին՝ Գրանադայում, և հիմա դա կանի քաղաքական քարտեզի վրա մեկ այլ վայրում, որտեղ նրան ցույց կտան Բաքուն, Անկարան, Լոնդոնը կամ Վաշինգտոնը:
2. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն պաշտոնապես կարելի է անվանել «Փաշինյանի տուպիկ»։

Նիկոլ Փաշինյանը տապալվեց, քանզի չի կարողացել ու չի կարողանա իրականացնել իր իսկ կողմից ներկայացված քաղաքական նախագիծը: Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է մնա իշխանության, եթե չի կարողանում իրագործել նույնիսն սեփական նախագիծը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը