Կարծիք

08.08.2024 16:13


Վրաստանի իշխանությունը սենացիոն խոստավանություն է անում, որ 2008-ին պատերազմն սկսել է Սաակաշվիլիի վարչակազմը՝ «դրսի» թելադրանքով

Վրաստանի իշխանությունը սենացիոն խոստավանություն է անում, որ 2008-ին պատերազմն սկսել է Սաակաշվիլիի վարչակազմը՝ «դրսի» թելադրանքով

«Վրացական երազանքը» պատրաստվում է հրապարակավ դատական գործնթաց սկսել Սաակաշվիլու թիմի դեմ՝ 2008-ին պատերազմ հրահրելու համար, որի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Իշխող «Վրացական երազանք»-ը 2008 թվականի օգոստոսյան պատերազմն անվանեց «Միացյալ ազգային շարժման» (Սաակաշվիլու կուսակցությունն է) կողմից իրականացված «հանցավոր արկածախնդրություն»:

«Վրացական երազանքի» դատապարտող հայտարարության մեջ նշված է բառացի հետևյալը.

«... 2008 թվականին այս մարդիկ միտումնավոր կազմակերպեցին ամենասարսափելի սադրանքը և լիովին գիտակցաբար կատարեցին դրսից ստացված հակապետական ​​խնդիրը։ Ումի՞ց է եկել այս հրամանը և ում առաջադրանքն են կատարել այն ժամանակվա իշխանության բարձրագույն պաշտոնյաները, այստեղ միտումնավոր այս հարցի վրա չենք կանգնի, քանի որ ամեն ինչ կպարզվի հրապարակային դատավարությամբ։ Այս գործընթացում մենք ենք լինելու հայցվորը, և «Ազգային շարժումը» ստիպված է լինելու հավաքական պատասխանատվություն կրել երկրի և ժողովրդի դեմ կատարված դավաճան ոճրագործության համար»,-ասված է հայտարարության մեջ։

Ինչպես տեսնում ենք, Իվանիշվիլու թիմակիցները գրեթե բացահայտորեն հայտարարում են, որ 2008-ին Սաակաշվիլին Օսիայի վրա հարձակվել էր «դրսի պատվերով», բայց փակագիծը չի բացվում, թե ով էր տվել այդ պատվերը:

Բոլորի համար ակնհայտ է, որ Իվանիշվիլու թիմակիցները այդ պատվիրատուին համարում են ամերիկացիներին:

Ավելի անկեղծ դրա մասին հայտարարում է «Վրացական երազանքի» գործնկեր թիմակից «Ժողովուրդի ծառա» քաղաքական ուժը, որը շաբաթներ առաջ ուղիղ հայտարարեց, որ կան փաստեր, որոնք վկայում են, որ 2008-ին Սաակաշվիլուն դրդել են ամերիկացիները, որպեսզի դրանից հետո խզվեն ռուս-վրացական հարաբերությունները, Վրաստանը վերջնականապես կորցներ այդ տարածքները և վրաց ժողովուրդը վերջնականապես թշնամանար Ռուսաստանի հետ, որից հետո Վրաստանը ավտոմատ կհայտնվեր ԱՄՆ-ի տիրույթում:

Սա նշանակում է, որ Իվանիշվիլու թիմակիցները պատրաստվում են ռադիկալ փոփոխությունների գնալ ընտրություններից հետո, որպեսզի Վրաստանը դուրս բերեն ամերիկյան միակողմանի կողմնորոշման ուղուց և երկիրը դարձնեն տարածաշրջանի ինքնուրույն խաղացող:

Փաստացի Իվանիշվիլու թիմը փորձում է արմատական փոփոխություն մտցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի կարողանա ավելի ճկուն հարաբերություններ հաստատի այլ խոշոր խաղացողների, հիմնականում՝ Չինաստանի, Հնդակաստանի և Ռուսաստանի հետ:

Այս շարքում հատկապես վրացիները կարևորում են Չինաստանի դերակատարումը, որի հետ ուղիղ մեկ տարի առաջ կնքել են ռազմավարական բնույթի համաձայնագիր, և որի արդյունքում Չինաստանը հսկայածավալ ներդրումներ պիտի իրականացնի Վրաստանում, դարձնելով այդ երկիրը տարածաշրջանի գլխավոր հանգուցային երկիրը:

Պարզ է նաև, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում զրկի Իվանիշվիլու թիմին իշխանությունից, որպեսզի այդ ծրագրերը կարողանա խափանել: Դրա համար արդեն մինչև ընտրությունները, ամերիկացիների թելադրանքով գրեթե բոլոր արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ կիրառել ներկայիս իշխանությունների հանդեպ:

Ինչպիսի հանգուցալուծում կլինի մեր հարևանների մոտ, պարզ կդառնա երկու ամիս անց:

Համեմատելով Վրաստանը Հայաստանի հետ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ի տարբերություն Վրաստանի կամովին է դարձել ԱՄՆ-ի խամաճիկը՝ իրեն զրկելով տարածաշրջանի հանգուցային դերակատարումից: Պարզ է, որ այդ պարագայում, Հայաստանը ոչ միայն կորցնելու է իր ինքնուրունությունը, այլև չի բացառվում նաև պետականությունը, քանի որ այդ քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է զրկվել սեփական անվտանգային հենասյուներից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը