Կարծիք

01.08.2024 17:08


ՔՊ-ականների ապօրինի որոշումները թանկ են նստում «հպարտ հարկատուներիս» վրա

ՔՊ-ականների ապօրինի որոշումները թանկ են նստում «հպարտ հարկատուներիս» վրա

Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան «Կարճ ասած» ալիքում գրում է․

ՀՀ հպարտ հարկատուներիս գրպանից Փաշինյանի կառավարությունը 42 միլիոն 626 հազար 500 դրամ դուրս գրեց՝ ՔՊ-ական պաշտոնյաների թույլ տված ապօրինությունների պատճառով քաղաքացիներին փոխհատուցում վճարելու համար։

Ի՞նչ է տեղի ունեցել․

Շիրակում այս 6 տարիների ընթացքում մի 6 ՔՊ-ական փորձել է ինքնահաստատվել մարզպետի պաշտոնում։ Նրանցից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը (պաշտոնավարել է 6․02․2019 - 21․01․2021), պաշտոնի նշանակվելուց ամիսուկես անց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին հանում է գործից։ Պետրոսյանը դիմում է դատարան և բոլոր երեք ատյաններում էլ հաղթում։ Մարզպետարանը պարտավորվում է նրան վճարել մոտ 17 մլն դրամ՝ պաշտոնանկությունից ի վեր հարկադիր պարապուրդում գտնվելու համար։

Տիգրան Պետրոսյանին հաջորդած Հովհաննես Հարությունյանը (21․01․2021-04․11․2021), մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ 12.04.2021թ․, աշխատանքից ազատում է Ժորժիկ Սերոբյանին։ Նա էլ է դիմում դատարան ու հաղթում․ մարզպետարանը նրան էլ պարտավորվում է հարկատուներիս գումարներից վճարել 25 մլն 630 հազար 100 դրամ։

Սա հազարեսիմորերորդ դեպքն է երևի․ այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին էլ հիշեցրին, որ երբ արդարադատության նախարար էր, պետի տեղակալի է ապօրինի ազատել աշխատանքից, պարտվել դատարանում, և պետությունը ավելի քան 50 մլն դրամ է պարտավորվել վճարել։

Հայաստանում ինչպե՞ս է գործում կառավարման համակարգը․ ըստ իս ու շատերի՝ հետևյալ կերպ․ մեկը որ նշանակվում է պաշտոնի, իր ենթակայության տակ գտնվող մարմիններում ում ինչպես ուզում՝ ազատում է աշխատանքից, տեղը նշանակում ում ուզում է (կամ ում ասում են)։ Այս իշխանության օրոք դրանք հիմնականում թիմի անդամներն են, իրենց ու իրենցականների հարազատ-բարեկամ-ընկեր-խնամի․․․․ները։ Աշխատողին ազատում են, տեղը զբաղեցնում արդեն ասացի ումով, որովհետև պետական համակարգը դարձել է ՔՊ-ականներին աշխատանով ապահովելու հիմնական տեղը։ Ով դիմում է դատարան, սովորաբար շահում է դատը, ու ՔՊ-ական պաշտոնյաների սխալների արդյունքում տուժում է պետական բյուջեն, «հպարտ» հարկատուն։

Օրինակ՝ Շիրակի ՔՊ-ական մարզպետների սխալ որոշումների արդյունքում փոխհատուցվելիք գումարը տրամադրվել է երկու այլ ծրագրից գումար պակասեցնելով։

Զավեշտը գիտե՞ք որն է․ գումարը այսքան մեծ չէր լինի, եթե մարզպետները ժամանակին ընդունեին սխալը, ոչ թե պնդեին։ Օրինակ՝ հիշյալ երկու դեպքերում էլ առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո մարզպետարանի աշխատակազմը բողոքում է վերաքննիչ։ Մենք գիտենք, թե Հայաստանում որքան երկար են տևում դատական նիստերը, տարիներով։ Եվ ուրեմն, մարզպետարանը բողոքարկում է վերաքննիչ, պարտվելուց հետո՝ վճռաբեկ, դատարանից դատարան տարիներ են անցնում, հարկադիր պարապուրդի գումարը կրկնապատկվում-եռապատկվում է։ Եթե առաջին ատանից հետո ընդունեին սխալը ու վճարեին, այսօր այդ գումարը չէր կազմի 110 հազար դոլար։ Այս պարագայում անգամ վճռաբեկից հետո փոխհատուցումը չեն չճարել, գործը հասել է ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ն որոշել է արգելանք դնել մարզպետարանի հաշիվների վրա, նոր որոշել են գումար տալ, այն էլ պարզվել է՝ գումար չունեն, դա անում է կառավարությունը։

Այստեղ շահող են դուրս գալիս միայն մարզպետարանի հեռացված աշխատողները։ Տվյալ պարագայում՝ Հասմիկ Պետրոսյանը, որ ապօրինի ազատվել է աշխատանքից (հետո երևի այլ աշխատանք գտել), մարզպետարանում աշխատել է 2018-ի նոյեմբերից 2019-ի մարտ ամիսը, այսինքն՝ ընդամենը 4 ամիս, բայց կստանա մի 4 և ավելի տարվա աշխատավարձ։

Կրկնում եմ՝ սա ընդամենը հերթական դեպքն է և մեկ ոլորտն է, թե ինչպես է այս իշխանության գործունեության արդյուքում տուժում ՀՀ հարկատուն ու ՀՀ քաղաքացին։

Այս խորագրի վերջին նյութերը