Հարցազրույց

31.07.2024 09:31


Էրդողանը փաստացի ընդունել է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը. Աբբաս Ջումա (տեսանյութ)

Էրդողանը փաստացի ընդունել է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը. Աբբաս Ջումա (տեսանյութ)

Միջազգայնագետ լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքերը կարող են մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:

Լրագրողի կարծիքով, եթե Էրդողանն իսկապես որոշի պատերազմ հայտարարել Իսրայելին, ապա կցանկանա տեսնել, թե ինչ ձևով դա տեղի կունենա և արդյունքում ինչի կհանգեցնի:

«Իրականում դա շատ լուրջ հայտարարություն է։ Կարևոր է, որ այն հնչեց Թուրքիայի նախագահի շուրթերից։ Եթե այն հնչեր ինչ-որ պաշտոնյայի կամ նույնիսկ նախարարի շուրթերից, կարելի էր ի վերջո ասել, որ դա ինչ-որ պաշտոնյայի կամ նախարարի մասնավոր կարծիք է։ Իսկ դա Թուրքիայի դիրքորոշումն է, որը երկրի առաջնորդն ասել է հրապարակավ։ Այս առնչությամբ հարց ունեմ՝ ի՞նչ է մտադիր անել պարոն Էրդողանը։ Եթե դրանք պարզապես բառեր են, պարզ ասած՝ հայփ (արհեստական աժիոտաժ), ապա դա, իհարկե, շատ ուժեղ կհարվածի Էրդողանի հեղինակությանը մուսուլմանական փողոցում։ Եվ այսպես, նրա հեղինակությունը վերջին շրջանում սասանվել է նույնիսկ նրանց շրջանում, որոնք ավանդաբար համարվում են Էրդողանի երկրպագուն, հետևորդը։ Ես հիմա նկատի ունեմ առաջին հերթին սիրիացի գրոհայիններին։ Ի՞նչ կարող ենք ասել պաղեստինցիների մահվան հետ կապված աղմուկի մասին։

Եթե խոսքերին հետևեն գործերը, եթե նա իսկապես որոշի պատերազմ հայտարարել Իսրայելին, ինչին ես այդքան էլ չեմ հավատում, համենայն դեպս, ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե դա ինչպես կլինի, ապա կցանկանայի նայել, թե ինչ ձևով դա տեղի կունենա և ինչի կհանգեցնի։

Իսրայելի արձագանքը նույնպես այնքան էլ համարժեք չէր: Էրդողանի համեմատությունը Հուսեյնի հետ (Սադամ Հուսեյնը Իրաքի նախագահն է, որը մահապատժի է ենթարկվել), իմ կարծիքով, այնքան էլ կոռեկտ չէ։ Ամեն դեպքում Թուրքիան Իրաք չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է և ամենակարևորը՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիան շատ լավ զարգացած ռազմարդյունաբերական համալիր ունի։ Եվ այդ իմաստով ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են իսրայելցիները մինչ օրս սրբորեն հավատում, որ Ամերիկան ամեն դեպքում օգնության կգա»,-ընդգծել է Ջուման։

Փորձագետի խոսքով՝ Էրդողանի խոսքերը PR-ի փորձ են, օրակարգում «հայփանելու» փորձ։

«Ինչ վերաբերում է պարոն Էրդողանի հայտարարության լրջությանը, ապա ես լավ չեմ պատկերացնում լիարժեք զինված հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։ Իհարկե, ես, ինչպես և շատերը, հակված եմ դա համարել «հայփ», փիառ, օրակարգում «հայփանելու» փորձ։ Առավել ևս, որ այժմ աշխարհի բոլոր մուսուլմանների հայացքն ուղղված է Պաղեստինի ողբերգությանը։ Եվ, իհարկե, նա մի փոքր չափն անցավ։ Այնուամենայնիվ, սա այն թեման չէ և նման PR-ի ժամանակը չէ, եթե նա իսկապես չի ցանկանում ինչ-որ բան պատկերել, այսինքն, եթե նա չի ցանկանում սահմանափակվել միայն հայտարարություններով: Ես չեմ կարող վերջնականապես բացառել ռազմական հակամարտության սցենարը, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,-նշել է Ջուման։

Փորձագետը նաև ասել է, որ Էրդողանը փաստացի ընդունել է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը։

«Էրդողանի հայտարարությունը կհիշվի ոչ միայն իր ռազմատենչությամբ, այլև անկեղծությամբ, քանի որ նա փաստացի ընդունել է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը՝ դրանով իսկ չափազանց անհարմար դրության մեջ դնելով և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանություններին»,-եզրափակել է Ջուման:

Այս խորագրի վերջին նյութերը