Քաղաքական

23.07.2024 08:41


ԵՄ-ն առաջարկում է 10 մլն եվրոյի դիմաց վաճառել մեր պետականությունը. քաղաքագետ

ԵՄ-ն առաջարկում է 10 մլն եվրոյի դիմաց վաճառել մեր պետականությունը. քաղաքագետ

Երբ որոշում է կայացվում, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների ազատականացման հետ կապված գործընթաց պետք է սկսվի, ԵՄ-ն ճանապարհային քարտեզ է մշակում, որը մոտ կես տարի է տեւում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու որոշում է կայացրել:

«Հաշվի առնելով, որ ԵՄ-ում վերջերս են ընտրությունները կայացել, բյուրոկրատական մարմինները դեռ լիարժեք չեն ձեւավորվել, ամենայն հավանականությամբ մեզ վերաբերող ճանապարհային քարտեզը հաջորդ տարվա սկզբին նոր կլինի:

Բացի այդ, դա բավականին երկարատեւ գործընթաց է, 3-4 տարի է պետք, որ կյանքի կոչենք այն: Բայց այդտեղ էլ երաշխիք չկա, որ ՀՀ-ն կստանա ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով, ԵՄ գործընկերները ռացիոնալ քաղաքականություն են որդեգրում. ճիշտ է, նրանք ազատականացնում են վիզային ռեժիմը, բայց իրենց համար ընտրում են հնարավորինս մեծ էֆեկտիվությամբ աշխատող կադրերին եւ հենց այդ կադրերին են հիմնականում վիզաների ազատականացման շրջանակներում տրամադրում վիզաները:

«Այսինքն, եթե մենք աշխատուժ պետք է մատակարարենք ԵՄ-ին, ես չեմ կարծում, որ մեր նպատակը դա է: Մենք պետք է հասկանանք, թե սա ինչի է հանգեցնելու:

Ամենակարեւորը, ԵՄ-ն ունի այստեղ ֆունդամենտալ հարցեր, Մեթյու Միլլերը խոսում էր ցավոտ զիջումների մասին, հիմա մեզնից ցավոտ զիջումներ են ակնկալում: Այդ ցավոտ զիջումները սկսվում են նրանից, որ «Զանգեզուրի միջանցքը» մենք պետք է հանձնենք Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության տակ, վերջացրած նրանով, որ Ալիեւի շուրթերով մեզ ասում են, որ ակնկալում են, որ մի քանի հարյուր ադրբեջանցիներ պետք է գան այստեղ ապրելու:

Մեզ առաջարկում են մեր պետականությունը փոխարինել 100 եվրոյանոց տոմսերով՝ դեպի ԵՄ: Մեզ առաջարկում են 10 մլն եվրոյի դիմաց վաճառել մեր պետականության փշրանքները, որ մնացել են 44-օրյա պատերազմից ու Արցախի էթնիկ զտումներից հետո»,-ընդգծեց Բենիամին Մաթեւոսյանը»,- ընդգծեց փորձագետը:

***

ԵՄ-ի կողմից մեր զինված ուժերին հատկացվող 10 մլն եվրոն կարող ենք օգտագործել միայն բժշկական որոշակի կարիքներ հոգալու համար: Ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Մենք հիշում ենք, որ Հունգարիան ուներ հետեւյալ դիրքորոշումը, որ եթե ԵՄ-ն 10 մլն եվրո հատկացնում է Հայաստանին, որեմն 10 մլն էլ պետք է հատկացնի Ադրբեջանին, եւ մենք տեսանք, որ այո՛, այլ հիմնդրամից 10 մլն հատկացվելու է Ադրբեջանին եւ գնալու է նրան, որ մեր հայկական Արցախում ականազերծման աշխատանքներ պետք է իրականացվեն:

Երրորդը, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարեւոր շեշտադրում արեց, որ մի կողմից, իհարկե, Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի են մերձենում, բայց նաեւ ասաց, որ սա կարեւոր է նաեւ ապագայում, որ Հայաստանը ԵՄ դրոշի տակ մասնակցի ինչ-որ գործողությունների: Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ԵՄ դրոշի ներքո ի՞նչ ռազմական գործողությունների ենք մասնակցելու:

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, որ այն ռուսական գազը, որ իրենք ստանում էին Ուկրաինայից, հիմա պետք է ստանան Ադրբեջանից: Հիմա եկեք հասկանանք, թե ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան փոխգործակցություններն ինչ մակարդակների են»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, նախկինում էլ մենք ԵՄ-ին ֆինանսական աջակցության մասին հայտարարություններ ենք լսել, այդ թվում 44-օրյա պատերազմից հետո. «Բայց այդ եվրոները մենք կամ չտեսանք, կամ եկան, այնպիսի ուղղությամբ գնացին, որ մենք տեղյակ չեղանք»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը