Աշխարհ

20.07.2024 16:07


Քարե «ձնեմարդ» և ծծմբի մաքուր բյուրեղներ Մարսի վրա․ Perseverance-ի և Curiosity-ի ուշագրավ բացահայտումները

Քարե «ձնեմարդ» և ծծմբի մաքուր բյուրեղներ Մարսի վրա․ Perseverance-ի և Curiosity-ի ուշագրավ բացահայտումները

ՆԱՍԱ-ի Perseverance և Curiosity ռովերների տրամադրած տվյալների վերլուծության արդյունքում գիտնականները միանգամից երկու հետաքրքիր դրվագ են ֆիքսել։ Մասնավորապես, Perseverance-ի ուղարկած լուսանկարներից մեկում նկատելի է քարե «ձնեմարդ», իսկ Curiosity-ն Մարսի վրա բազմաթիվ մաքուր ծծմբի բյուրեղներ է գտել, ինչն անսովոր է այս մոլորակի համար և շփոթեցրել է գիտնականներին:

Քարե «ձնեմարդ»

ՆԱՍԱ-ի Perseverance ռովերը Երկիր է ուղարկել Մարսի մակերևույթի մի հատվածի լուսանկարը (արվել է հուլիսի 13-ին), որում մի քանի ժայռային գոյացություններ են երևում: Հետաքրքրական է, որ լուսանկարի ներքևի ձախ անկյունում քարերի մի փոքրիկ կույտ կա, որը փոքրիկ ձնեմարդ է հիշեցնում, տեղեկացնում է Space.com-ը:

Perseverance ռովերը դեռ մնում է Ջեզերո խառնարանում, որտեղ վայրէջք է կատարել 2021-ի փետրվարի 18-ին: Այժմ մարսագնացը սկսել է տեղափոխվել նոր վայր՝ Կարմիր մոլորակի իր շարունակական հետազոտության շրջանակում:

snowman on mars .jpg (309 KB)

snoman on mars 1.jpg (455 KB)

Մաքուր ծծմբի բյուրեղներ

ՆԱՍԱ-ի մարսագնացները տասնամյակներ շարունակ շրջում են Մարսի վրա՝ ուսումնասիրելու նրա երկրաբանությունը և կառուցվածքային առանձնահատկությունները: Այս տարվա մայիսի վերջին ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերեսին հայտնաբերել է բազմաթիվ մաքուր ծծմբի բյուրեղներ։ Սա չափազանց անսովոր գտածո է Մարսի վրա, որը գիտնականներին շփոթեցրել է:

«Մաքուր ծծմբի քարերի դաշտ գտնելը նման է անապատում օազիս գտնելուն,- բացատրել են գիտնականները,- Դա այդտեղ չպետք է լիներ, ուստի հիմա մենք պետք է բացատրենք դա: Տարօրինակ և անսպասելի բաներ գտնելն այն է, ինչը մոլորակների հետախուզումն այդքան ոգևորիչ է դարձնում»:

sera.jpg (272 KB)

Curiosity-ն մաքուր ծծմբի բյուրեղները պատահաբար է հայտնաբերվել, երբ ռովերի անիվն անցել է դրանց վրայով։ Ծծմբի միացություններն այլ հանքանյութերի կամ սուլֆատների հետ առատորեն առկա են մարսագնացի որոնման տարածքում: Նախ՝ սրանք ջրի առկայության մասին նշաններ են, որոնք ժամանակին հոսել են այս տարածքում։ Այնուամենայնիվ, մաքուր ծծմբի ձևավորման համար պետք է լինի պայմանների բավականին նեղ շրջանակ: Հետևաբար, հայտնագործությունը տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։

Մարսագնացը հողից նմուշ է վերցրել այն վայրի մոտ, որտեղ ծծումբ է հայտնաբերվել, և հետազոտողները հույս ունեն, որ նրա գործիքների կատարած վերլուծությունը հետաքրքիր մտքերի կհանգեցնի: Նրանք դեռ պատրաստ չեն ենթադրություններ անել այս հարցով։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը