Քաղաքական

18.07.2024 09:33


«Ֆակտորի Փրոդաքշըն»-ի նախկին տնօրեն Վազգեն Պողոսյանը` ԿԳՄՍՆ-ի հետ 1մլրդ. 800մլն դրամ արժողությամբ պայմանագրի կողմ. «Ժողովուրդ»

«Ֆակտորի Փրոդաքշըն»-ի նախկին տնօրեն Վազգեն Պողոսյանը` ԿԳՄՍՆ-ի հետ 1մլրդ. 800մլն դրամ արժողությամբ պայմանագրի կողմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականի մայիսի 14-16-ը Երեւանում անցկացված «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի կառավարիչների խորհրդի` 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 799 միլիոն 478 հազար դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կնքած պայմանագրից։

1 միլիարդ 799 միլիոն դրամի ծառայությունները մատուցել է «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն։ 123 էջից բաղկացած պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է վստահվել առաջնության հետ կապված բոլոր ծառայությունների տրամադրումը, որոնք ներառում են գովազդային ծառայություններ, հյուրանոցների ամրագրում, ձայնային, լուսային սարքավորումների ապահովում, հյուրերի ուղեւորափոխադրում, վիդեո եւ ֆոտո նկարահանում, համաժամանակյա թարգմանություն եւ այլն։

«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 81%-ը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, 19%-ը՝ Վազգեն Պողոսյանը. նրանք երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում։

Վազգեն Պողոսյանը մեկ անձից գնումներ իրականացնող աղմկահարույց՝ «Ֆակտորի Փրոդաքշըն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից մեկն է, որը, հետագայում, դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենը։

Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Հարկ է նշել, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության եւ Ջազի միջազգային օրվա կազմակերպումն է ստանձնել նաեւ։

Տեղեկացնենք նաեւ, որ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց, եւ այս տարիների ընթացքում կնքել է 12 պայմանագրեր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը