Քաղաքական

16.07.2024 12:01


ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան

ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան

Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Հարցին՝ հայկական կողմն արդեն բավականաչափ զիջումներ կատարել է, ի՞նչ նոր ու բարդ փոխզիջումներ են սպասվում, կամ Ադրբեջանական կողմն ի՞նչ պետք է զիջի, Դանիելյանն ասաց.

«Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Արցախի մնացած մասն ինչո՞ւ հանձնվեց Հայաստանի կառավարության կողմից, որովհետև իրենք ասում էին, որ ռուսական վերահսկողության Մեղրիի միջանցքը չեն տալիս, համաձայն չեն և դրա համար Լաչինը փակվեց, դրա համար 2023 թվականին Արցախում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով՝ հիմա պահանջում են միջանցք հանձնել միջազգային, ըստ էության, ամերիկյան վերահսկողության տակ:

«Ստացվում է՝ Արցախը զոհաբերվեց, որ ռուսական ԱԴԾ-ի (ФСБ)-ի վերահսկողություն չլինի Մեղրիում: Հիմա այդ միջանցքն արդեն այլ երկրի կամ այլ կազմակերպությունների են, որոնք այլ երկրներն են ներկայացնում: Բնականաբար, համապատասխան հարցեր են առաջացնում, դրա համար Հայաստանից զիջումներ են պետք»,-նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ադրբեջանից պահանջվող զիջումն այն է, որ տարածքային նոր պահանջներ չներկայացնեն Հայաստանին, ինչին Ադրբեջանը համաձայն չէ:

Հարցին՝ միջանցքի տրամադրմանը կգնա՞ն ՀՀ իշխանությունները, նա արձագանքեց. «Նրանք արդեն ինչ-որ ձևով համաձայնվել են, ուղղակի ձևակերպումներ են որոնում, թե ինչպես ներկայացնեն Հայաստանի հանրությանը»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Դանիելյանն ասաց, որ եթե նույնիսկ ստորագրվի էլ այդ փաստաթուղթը, ոչ մի խաղաղություն էլ չի լինի:

«Խաղաղություն կարող է լինել այն դեպքում, եթե 6 երկիր՝ Կովկասի երեք երկիր և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան գան որոշակի միասնական համաձայնության Հարավային Կովկասի ապագայի մասին և Արևմուտքը չխոչընդոտի։ Դա միակ տարբերակն է»,-նշեց քաղաքագետը:

Այս խորագրի վերջին նյութերը