Քաղաքական

16.07.2024 10:47


Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն․ «Փաստ»

Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում...

Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում: Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը:

Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա... պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է:

Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է:

Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել»:

Այս խորագրի վերջին նյութերը