Քաղաքական

14.07.2024 10:07


Պահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային

Պահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային

1984 թվականին խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ միջադեպ, որը քիչ էր մնում` ողբերգական ավարտ ունենար։

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Հարությունյանի հետ մեկնեց վարչական սահման՝ հողաշինարարության հարցերը կարգավորելու։

Երբ հասան Դովեղ գյուղի մոտ գտնվող աղբյուր, նրանց մոտեցան ագրեսիվ կեցվածքով մի խումբ ադրբեջանցիներ, այդ թվում՝ կանայք, որոնք ուղեկցում էին Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Շամիլ Ռասիզադեին: Նրանք պահանջեցին Ոսկեպարի աղբյուրն ու եկեղեցին հանձնել ադրբեջանական կողմին։ Մովսիսյանը հրաժարվեց՝ հայտարարելով, որ եկեղեցին կփոխանցի միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները դառնան քրիստոնյա:

Իրավիճակն արագ դուրս եկավ վերահսկողությունից։ Ադրբեջանցիները գլխիվայր շրջեցին «Նիվան», որի մեջ էին Մովսիսյանը, Հարությունյանը և ևս երկու հայ, և բռնի ուժով նրանց տարան Ադրբեջանի ԽՍՀ Ղազախի շրջան։ Այնտեղ նրանք փորձեցին ստիպել ստորագրել փատաթուղթ հողերից հրաժարվելու մասին։ Մովսիսյանը Հարությունյանին խորհուրդ տվեց ստորագրել փաստաթուղթը, քանի որ նրա ստորագրությունն իրավաբանական ուժ չի ունենա, իսկ ինքը հրաժարվեց ստորագրել:

Երբ Ռասիզադեն սկսեց ամբոխի հետ ադրբեջաներեն խոսել, Մովսիսյանը նույնպես անսպասելի կերպով սկսեց խոսել մաքուր, գրական ադրբեջաներենով՝ նրան մեղադրելով առևանգման կազմակերպման մեջ։ Արդյունքում ադրբեջանցի պաշտոնյան հրամայեց ազատ արձակել հայերին։

Տեղի ունեցածի մասին տեղեկությունը հասավ Մոսկվա՝ առաջացնելով մեծ սկանդալ։ Ի պատասխան ստեղծվեց հանձնաժողով՝ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ հողօգտագործողների սահմանները ճշտելու և վերականգնելու նպատակով։

Ավելի ուշ Մովսիսյանը հիշել է, որ քարերով ու փայտերով զինված ամբոխն իրենց տարել էր Քյամարլու գյուղ՝ պահանջելով ստորագրել Ադրբեջանին 1675 հեկտար հայկական հող հանձնելու մասին փաստաթուղթը: Կացնով սպառնալով ՝ փորձել էին վախեցնել նրան, սակայն նա հրաժարվել էր ստորագրել։ Ի վերջո ազատ են արձակել, և նա Հայաստան է վերադարձել ուղեղի ցնցումով ու վնասվածքներով, սակայն առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան լարված էին երկու հանրապետությունների հարաբերությունները, և որքան վտանգավոր էր աշխատել սահմանային հարցերի լուծման ուղղությամբ նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը