Քաղաքական

12.07.2024 20:21


Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը

Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը

Հակոբ Արշակյանի այսօվա ասուլիսը հետաքրքիր է միայն որոշ շեշտադրումներով, մնացածում հետաքրքիր կամ նոր բան չկար:

Իր ասուլիսի ամենահետաքրքիր դրվագն այն էր, որ հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում Ալեն Սիմոնյանի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, որը կայացել է այսօր, Հակոբ Արշակյանն ակնհայտ խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ լրագրողը այդ հարցադրումը պիտի տա հենց Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ Սիմոնյանի որոշումը՝ չմասնակցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, նրա օգնական Մոսվես Հարությունյանը բացատրել էր Հայաստանի ԱԺ արտահերթ նիստով, որտեղ, իբր, Սիմոնյանը շատ էր կարևորել իր ներկայությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն է և մշտապես ղեկավարել է հայկական պատվիրակությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մերժման իրական պատճառը, Սիմոնյանի հակառուսական հայտարարություններն էին, որոնք խիստ բացասական արձագանք էին առաջացրել Մոսկվայում:

Ի՞նչ էր հայտարարել Ալեն Սիմոնյանը

Այս տարվա ապրիլին, Եվրոպական միության խորհրդարանների ղեկավարների համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է Հայաստանի աջակցությունը «Ուկրաինայի, ինչպես նաև՝ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը»։ Նա նաև դատապարտել էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք:

Ավելին, Սիմոնյանը նշել էր, թե իբր «...Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավ են սկսել...» և նույնիսկ՝ «...ռուսական առանձին չինովնիկներ համարձակվում են թելադրել իրենց շահերը Հայաստանին...»:

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն անվանեց «հակառուսական և ռուսաֆոբ», և նրա հանձնարարությամբ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը նամակ էր ուղարկել իր հայ գործընկերներին՝ խնդրելով հայտնել, թե որքանով են այդ գնահատականները համապատասխանում իրենց կարծիքին և ինչքանով են դրանք համապատասխանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաստատված դաշնակցային հարաբերություններին։

Ինչպես հայտնի է Հայաստանի ԱԺ-ի կողմից (այդ թվում՝ նաև ընդդիմադիր ֆրակցիաներից) որևէ արձագանք չեղավ:

Որից հետո, Սիմոնյանի կարգադրությամբ, այդ հարցադրմանը պատասխան նամակ Մոսկվա ուղարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Իսկ Ալեն Սիմոնյանն էլ համարձակորեն հայտարարեց ռուսներին, որ իր այդ կարծիքը կիսում է Հայաստանի ողջ ԱԺ, ներառյալ ընդդիմությունը, քանի որ, ըստ Սիմոնյանի «...Եթե ​​որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է և դրանք իրենց պատկերացումներն են։ Հայաստանում իշխանություններն ու ընդդիմությունը ներկայացնում են իրենց ժողովրդին»:

Փաստացի Ալեն Սիմոնյանը պատասխանեց ռուսներին հետևյալ ձևակերպամբ. «Ես արտահայտել եմ իմ ու նաև հայաստանյան ընդդիմության տեսակետը: Իսկ քանի որ մենք, ի տարբերություն ձեզ, ժողովրդավարական երկիրն ենք, նշանակում է, որ ես ներկայացրել եմ ողջ հայ ժողովուրդի տեսակետը»:

Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի սկզբին հայտարարեց, որ իրենք «...մանրամասն կուսումնասիրեն, որից հետո պատասխան նամակով հանդես կգան...»:

Մոսկվայում հույս ունեին, որ Երևանից գոնե ընդդիմության կողմից հայտարարություն կարվեր, որ չեն կիսում Սիմոնյանի այն ձևակերպումը, թե՝ «Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա»:

Սակայն այդպես էլ որևէ արձագանք չստանալով, Մոսկվան որոշեց լռել, փաստացի ստացվեց, որ Սիմոնյանը իսկապես ողջ հայ ժողովուրդի տեսակետն է հայտնել, թե Մոսկվան է մեղավոր այս կոնֆլիկտում՝ ներխուժելով Ուկրաինայի տարածք:

Եվ դա այն ժամանակ, երբ նման տեսակետ չունեն ոչ Չինաստանը, ոչ Հնդակաստանը, էլ չասած՝ մյուս ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները:

Իհարկե, ոչ ոք չեր պահանջում, որ Հայաստանը ճանաչեր Ռուսաստանի նվաճումները Ուկրաինայում: Բելառուսը նույնիսկ չի ճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս: Սակայն նաև ոչ ոք, բացի ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից, չեն գնահատել այս կոնֆլիկտում Մոսկվային, որպես «մեղավոր կողմ»:

Նույնիսկ Ադրբեջանը, նշելով որ երբեք չի ճանաչի Ուկրաինայից օտարված տարածքները Մոսկվայի կողմից, այնուամենայնիվ չի հայտարարել, որ այս կոնֆլիկտում մեղավոր կողմը Ռուսաստանն է:

Ալեն Սիմոնյանի գնահատականները ուղակի կրում էին թշնամական բնույթ: Հասկանալի է, որ դրանից հետո Մոսկվան պիտի խիստ վերանայեր իր մոտեցումները Հայաստանի նկատմամբ: Իսկ Ալեն Սիմոնյանը փաստացի դարձել է ռուսների համար չհայտարարված «ոչ ցանկալի անձ»:

Եվ երբ Սիմոնյանը հրաժարվում է մեկնել Մոսկվա, հասկանալի է:

Սակայն զարմանալին այն է, որ իր այս քայլը միանշանակ չի ընդունվել Փաշինյանի շրջապատում:

Հակոբ Արշակյանի այսօրվա հրաժարումը՝ գնահատական տալ Սիմոնյանի որոշմանը, ազդակ է այն մասին, որ ՔՊ-ում ոչ բոլորն են կիսում Սիմոնյանի մոտեցումները:

Մյուս կողմից, ոչ ոք ռիսկ չէր անի ցույց տալ դա, եթե դրան դեմ լիներ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սիմոնյանը հունիսի 28-ին Լատվիայում շտապեց հայտարարել, որ Հայաստանում շուտով կանցկացվի հանրաքվե ԵՄ-ի հետ կապված, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը օրեր անց հայտարարեց, որ ինքը այդպիսի ծրագրեր չունի:

Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ում առաջ է գալիս նոր ջրբաժան՝ կապված հանրաքվե անցկացնելու հետ:

Պայմանական ասած՝ ՔՊ-ի «թուրքական ֆրակցիան», Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կողմ է այդ հանրաքվեի անցկացմանը, իսկ մյուսները տատանվում են:

Փաշինյանն այս պահին «թուրքական ֆրակցիայի» կողմը չէ, քանի որ վստահ չէ, որ հանրաքվեն հաջող կանցնի:

Մյուս կողմից, ամերիկացիները «թուրքական ֆրակցիայի» միջոցով փորձելու են մեծացնել ճնշումները Փաշինյանի վրա, որպեսզի նրան կոտրեն:

Կհաջողվի՞ արդյոք նրանց՝ կոտրել Փաշինյանին, ցույց կտան մոտ ժամանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը