Քաղաքական

11.07.2024 10:39


ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին

ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին

Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը այցով Վաշինգտոնում է, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումներին։

Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Գալուզինն հիշեցրել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։

«Բայց Երևանը, մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով»,-ասել է նա:

Դիվանագետի տեսանկյունից` այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգություն։

Նրա խոսքով` Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ «Իմ կարծիքով, երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,-նշել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը