Քաղաքական

10.07.2024 23:16


Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով

Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով

Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը, գրում է «Հետքը»։

«Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում:

2020-ի հուլիսից մինչև 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաև ՀՀ կառավարական ինքնաթիռը: Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երևանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետևանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում: 2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն՝ արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց:

Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական և տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:

Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող և հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արևմտյան հարևանը խոչընդոտել է նաև այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.:

Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսևորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:

Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է:

Բելգիայի Լիեժ քաղաքից Երևան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը (եթովպական գրանցումը՝ ET-APU), տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երևան (թռիչքի համարը՝ ET 3584): Թռիչքներին առցանց հետևող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ:

Նկատենք, որ թռիչքից առաջ կազմվում է պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Այսինքն՝ եթովպական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայի օդով դեպի Հայաստան ուղևորվելիս նախապես ունեցել է թուրքական ավիացիոն իշխանությունների համաձայնությունը, բայց, ինչպես տեսնում ենք, վերջին պահին թուրքերը հերթական կամայակությունն են դրսևորել, ինչի հետևանքով ինքնաթիռը չի կարողացել ժամանել Երևան:

«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չփոխանցեցին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը