Քաղաքական

10.07.2024 14:57


Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում

Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում

Երեկ սկսեց իր աշխատանքները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երեսուներկու անդամ-պետությունների ղեկավարների վաշինգտոնյան գագաթնաժողովը:

Գագաթնաժողովը նշում է ՆԱՏՕ-ի 75-ամյակը, որն, ինչպես հայտնի է, հիմնադրվել էր 1949 թվականի ապրիլի 4-ին:

Այս գագաթնաժողովի առանձնահատկությունը այն է, որ այդ կառույցի գլխավոր քարտուղարը թողնելու է իր պաշտոնը: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նույնպես հրաժեշտ տա իր պաշտոնին, այս տարվա սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքում:

Ահա թե ինչու, ներկայիս ՆԱՏՕ-ի վերնախավը, հաշվի առնելով այս հեռանկարները, որոշել էր առաջնային դեր տալ Ուկրաինայի հետագա հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ:

Դրա համար էլ Վաշինգտոնի գագաթնաժողովի պաշտոնական անվանում էր ընտրված «Ուկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը» վերնագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթից պարզ դարձավ, որ այդ կառույցը որպես գլխավոր թշնամի պատրաստվում է հռչակել ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Չինաստանը:

Դեռ ավելին, նույնիսկ ծրագրվում է ՆԱՏՕ-ի փաստացի ընդլայնումը Հարավ-արևելյան տարածքի երկրների հաշվին, և առաջին հերթին՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և չի բացառվում նաև Ֆիլիպինների:

Բայդենն իր սրտաճմլիկ ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրել: Մասնավորապես, ըստ նրա «...Հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինան կստանա հարյուրավոր հավելյալ հակահռթիռային համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից...»:

Օգնության այս փաթեթը ներառում է նաև չորս Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին միանգամից հակադարձեց, որ այդ չորս համակարգերը քիչ են, ռուսական հյարձակումների կանխման համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է սկզբնական փուլում գոնե 11 հատ, որը նույնպես բավարար չէ: Սակայն Զելենսկու պահանջները սկսել են ավելի շատ գրգռել ՆԱՏՕ-ի զինվորական վերնախավին:

Զելենսկու պահանջները ավելի շատ աջակցում են բալթյան երկրների ղեկավարները, որոնց երկրները ոչ պարտավորություն ունեն աջակցելու Ուկրաինային, ոչ էլհնարավորություն: Բայց պահանջում են, որ Ուկրաինան ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ժամկետը կոնկրետացվի:

Մինչդեռ Բայդենը կրկին հրաժարվեց նշել այդ մասին, հայտարարելով, որ «Ուկրաինան ունի հնարավորություն դառնալու ՆԱՏՕ-ի մաս»:

Միջազգային մամուլի արձագանքները

Միջազգային մամուլին ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե ՆԱՏՕ-ի հերթական ստանդարտ ձևակերպումները, այլ այն, թե ինչպես իրեն պահեց Բայդենը: Կարողացա՞վ արդյոք նա իր ճառը արտասանել, առանց վրիպումի:

Politico-ն գրում է, որ Բայդենը գրեթե չի տատանվել, երբ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, փորձել է փարատել կասկածները, որ նա չի կարող զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը:

NYT-ը հոդված է հրապարակել «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներին անհանգստացնում է դաշինքի հիմքում առկա բացը» վերնագրով:

Նախատեսելով ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովը, որը բացվեց երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում, նախագահ Բայդենը և նրա օգնականները նպատակ ունեին ստեղծել վստահության աուրա: Բայց երբ 38 համաշխարհային առաջնորդներ սկսեցին ժամանել, այդ վստահությունը սկսվեց վտանգվել: Նույնիսկ նախքան պաշտոնապես սկսվելը, գագաթնաժողովը մթագնում էր անորոշությամբ, թե արդյոք Բայդենը կկարողանա վերընտրվել գալիք ընտրություններում, թե ոչ:

CNN-ը ուշադրություն է հրավիրում հենց ամերիկացի առաջնորդի ելույթի վրա: Ըստ լրատվամիջոցի, նա այն արտասանեց «առանց լուրջ վարանելու, թեև թվում էր, թե պատահաբար կարդաց հրահանգների մի մասը, թե ինչպես վարվել բեմում»:

Բրիտանական The Guardian-ը նույնպես ընդգծեց այն փաստը, որ գագաթնաժողովի բացման ժամանակ Բայդենը փորձել է փրկել նախագահի թեկնածուի իր անկայուն դիրքը՝ Թրամփի դեմ աղետալի բանավեճից հետո:

Իսկ Bloomberg –ի հոդվածագիրը վստահ է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը չի կարողանա «լռեցնել իր ապագայի մասին բանավեճը» մեկ հաջող ելույթով առանց վարանելու, քանի որ հաջորդում է գագաթնաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսը, որտեղ անհայտ է, թե ինչպես է իրեն պահելու ԱՄՆ-ի ներկայիս մեծահասակ նախագահը:

Իսկ The Washington Post-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ակնկալվում է, որ Ուկրաինայի դաշնակիցները կհայտարարեն Կիևին օգնության ևս մեկ փաթեթի մասին։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը կասկածում է, որ նոր ռազմական օգնությունը Զելենսկուն հաղթանակ կբերի: Մանավանդ, որ այդ կասկածի մասին ավետում է հենց ինքը՝ Զելենսկին:

Financial Times-ը մեջբերում է միջոցառման մասնակիցներից մեկի մեկնաբանությունը. նա չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ նախագահական մրցավազքը ստվերել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Այսպիսով եթե ամփոփենք ՆԱՏՕ-ի այս գագագթնաժողովի շուրջ ձևավորված մթնոլորտը, ապա հաստատականորեն կարող ենք նշել, որ մասնակիցներին ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բայդենը, այլ ոչ թե այն, թե ինչ աստիճանի օգնություն կարելի կլինի տրամադրել Ուկրաինային: Մանավանդ, որ Ուկրաինային օգնության հարցը, սկսել է գրգռել արևմտյան հասարակություններին, որոնք մտահոգված են, որ այս կոնֆլիկտի շարունակությամբ իրենց քաղաքացիների կենսամակարդակը շեշտակիորեն նվազելու է:

Ի դեպ Բայդենի ճակատագիրը մտահոգում է ոչ միայն արևմտյան լիդերներին, այլև Նիկոլ Փաշինյանին, ով հասկանում է, որ իր քաղաքական թրենդն արդեն մոտ է ավարտին և Բայդենի նման իր ճակատագիրը նույնպես հայտնվելու է անորոշության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը