Քաղաքական

10.07.2024 09:09


ՀՀ ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա․ Ռոդիոնով (տեսանյութ)

ՀՀ ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա․ Ռոդիոնով (տեսանյութ)

ԻՀ աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, Հայաստանի եվրաինտեգրման հավանականությունը և Բաքվի պահանջները Հայաստանի նկատմամբ:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները որոշակի ճգնաժամ են ապրում, քանի որ հայկական ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա:

«Ռուսաստանն ու Հայաստանը մերձավոր դաշնակիցներ են։ Այդ դաշնակցությունը տեղի է ունենում և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական ոլորտում։ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մաս է, որն ապահովում է նրա անվտանգությունը և ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) մաս է: Հայկական տնտեսության մոտ մեկ երրորդը աշխատում է ԵԱՏՄ-ի հետ համատեղ։ Այժմ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները որոշակի ճգնաժամ են ապրում, քանի որ հայկական ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա և քիթը շարժել դեպի արևմուտք։ Բնական է, որ Մոսկվային դա դուր չի գալիս, այդ պատճառով Մոսկվան բավական հստակ և աներկբա ազդանշան է տալիս այն մասին, որ այդ քաղաքականության հետ պետք է ինչ-որ բան անել»,-ասել է Ռոդիոնովը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա, ըստ քաղաքագետի, ԵՄ Հայաստանը ոչ ոք չի վերցնի նույնիսկ ի հեճուկս Ռուսաստանի:

«Ոչ մի ողջամիտ մարդ իր կյանքում երբեք չի պատկերացնի, որ Հայաստանին կարող են ընդունել Եվրամիություն, նույնիսկ եթե ինչ-որ հիպոթետիկ հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեում բնակիչների 100 տոկոսը կողմ քվեարկի ԵՄ-ին անդամակցելուն:

Բոլոր այն երկրները, որոնք ի վերջո հայտնվեցին ԵՄ-ում, նրանք նույնպես անցկացրեցին անդամակցության հանրաքվեներ, որտեղ մեծամասնությունը պաշտպանում էր այս գաղափարը, բայց նրանք անցկացրեցին հանրաքվե այն բանից հետո, երբ նրանք կատարեցին ԵՄ բոլոր պայմանները, ստացան թեկնածուի կարգավիճակ և, համապատասխանաբար, հրավեր ստացան ԵՄ-ից: Հայաստանին ԵՄ ոչ ոք չի հրավիրում, ուստի ինչ-որ հանրաքվե անցկացնելը սկզբունքորեն հիմարություն է։ Հայաստանին ոչ ոք չի ընդունի ԵՄ՝ ոչ մի պարագայում, նույնիսկ ի հեճուկս Ռուսաստանի։ Հայաստանը կարող է Եվրամիությանը հետաքրքիր լինել միայն որպես տարանցիկ տարածք՝ շրջանցելով Թուրքիան, բայց դա նույնպես բավական հիպոթետիկ է, քանի որ չափազանց շատ ծախսեր կան, չափազանց շատ խնդիրներ»,-նշել է Ռոդիոնովը։

Խոսելով այն մասին, թե ինչպես հետագայում կվարվի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, փորձագետն ասել է, որ Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահ) ավելի ու ավելի շատ է պահանջելու:

«Հասկանալի է՝ Ալիևը ելնում է այն տրամաբանությունից, որ եթե թշնամին գնում է զիջումների, ինչու ես պետք է բավարարվեմ նրանով, ինչ նա տալիս է ինձ և ավելին չպահանջեմ։ Եվ եթե Բաքուն տեսնում է, որ Երևանը պատրաստ է ավելի ու ավելի շատ տարածքներ զիջել, ապա սպասելի է, որ ախորժակը ուտելիս է բացվում։ Եվ նոր պահանջներ, նոր պայմաններ անպայման կլինեն։ Առավել ևս, որ Արևմուտքին այս իրավիճակը ձեռնտու է, որովհետև Արևմուտքին պետք է, որ անընդհատ սրվի հակամարտությունը։ Փաստ չէ, իհարկե, որ բանը կհասնի նոր պատերազմի, նոր զինված բախման, բայց այն, որ այնտեղ տուրբուլենտության մշտական աճ կլինի, ես դրանում բացարձակապես չեմ կասկածում»,-եզրափակել է Ռոդիոնովը։

Այս խորագրի վերջին նյութերը