Մեկնաբանություն

21.11.2011 17:26


«Կծան» թիմակիցները

«Կծան» թիմակիցները

Ով, ով, բայց ֆուտբոլի սիրահար այս իշխանությունը պիտի որ հաստատ իմանար՝ հավաքականը հաջողության է հասնում, երբ թիմը միասնական է։ Չի կարող թիմը հաղթել, եթե, օրինակ, եզրային մի պաշտպանը մյուսի ոտքին միտումնավոր քացի է տալիս, որպեսզի ցավից գալարվողի ֆոնին ինքն ավելի լավը թվա, իսկ հետո էլ քացի ստանա այդ նույն «քացիավորը» (գալարվողի կամ մեկ այլ քացիավորի կողմից)։ Բայց մեր երկրի պետական ապարատում հիմա ճիշտ այդ պատկերն է։

Չկա մի ոլորտ, որտեղ չլինեն (Սերժ Սարսգյանի թեթև ձեռքով, իհարկե) քացի տվողներ և ցավից գալարվողներ։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ պետական ապարատի տված արդյունքներն էլ այսքան խղճուկ են, որովհետև մարդիկ օր ու գիշեր ոչ թե մտածում են իրենց բուն աշխատանքի և այն պատվով կատարելու, այլ քացի տվողի ոտքը հնարավորինս ցավագին կծելու մասին։

Սա ևս մեկ անգամ ապացուցվեց ՀՀԿ–ի կազմակերպած համերգում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անսթափ ելույթի ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ։ Իհարկե, նա համառորեն պնդում է, որ հարբած չի եղել (ցավոք), և մեր սեփական աչքերը մեզ խաբում են, իսկ այն, ինչն էլ տեսնում ենք, զուտ տեխնիկական խոտան է։

Հետաքրքրականն այստեղ այն է, որ վարչապետը ոչ մեկ, ոչ երկու, առանց վարանելու այդ խոտանը բարդեց իր թիմի վրա։

«Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց, և բոլոր սարքավորումներն ու բարձրախոսները հեռու էին գտնվում։ Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում։ Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի, և այդ դեպքում այդ խոտանը չէր լինի։ Սա էլ մի դաս էր, որ հաշվի կառնենք»,–հայտարարեց Տիգրան Սարգսյանը։

Ու թեև վարչապետը մեր հարցին ի պատասխան բացառեց, որ ՀՀԿ–ի թիմն իր գլխին միտումնավոր է այդպիսի պատմություն սարքել, բայց ապացույցը շատ ուշացնել չտվեց։

Ինչպես փաստել է ՀՀԿ–ի այդ թաթայախառը միջոցառումը կազմակերպած հնչյունային ռեժիսորը, իրոք տեխնիկական խոտան է եղել, բայց դրա մասին վարչապետի թիմը նախապես տեղյակ է եղել։

«Նույն ձև կարան բոլորին պոդստավկա անեն… գտնվելով դինամիկներից 70 մետր հեռավորության վրա՝ ոչ մեկ չի կարող նորմալ խոսել… էդ օրվա հնչյունային ռեժիսորն եմ եղել ու նախապես զգուշացրել եմ, որ նա չի կարող էդ տեղից խոսել, ՄԻ՛ ԱՐԵՔ ՏԵՆՑ ԲԱՆ… բայց հաշվի չառան»,–«Ֆեյսբուք»–ում գրել է հնչյունային ռեժիսորը։

Գիտեք, եթե անգամ ընդունեք, որ Տիգրան Սարգսյանն իրոք սթափ էր, ապա տվյալ պարագայում ես շատ ավելի ուրախ կլինեի, եթե խմած լիներ։ Հակառակ պարագայում ստացվում է, որ երկիրը ղեկավարող այս հավաքականում «ֆուտբոլիստները» սեփական շահի համար միտումնավոր իրար ոտք են կոտրում։ Իսկ նման անփառունակ հավաքականներին սովորաբար պատմության գիրկն են ուղարկում, այլապես ա՛յս ֆուտբոլում կպարտվենք մենք բոլորս։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի հեռուստաընկերությունները գտնվում են նախագահական նստավայրի վերահսկողության տակ և եթե վարչապետի հետ կապված պալատական  ինտրիգներ չլինեին, ապա նրա ելույթի տեսագրությունը պարզապես եթեր չէին տա ու ամեն ինչ կանցներ կգնար։

Եթե անգամ ընդունենք այն վարկածը, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե հարբած է եղել, այլ տեսանյութում առկա է տեխնիկական խոտան, ապա դա կրկին ապացուցում է, որ ներիշխանական գզվռտոցի դրսևորման հետ գործ ունենք։

Այս խորագրի վերջին նյութերը