Քաղաքական

03.07.2024 16:03


Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ

Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ

Մինսկը Հայաստանին հրավիրել է, սակայն հայ զինվորականները չեն մասնակցել այսօր Բելառուսի անկախության օրվա և գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրման 80-ամյակի առթիվ անցկացվող զորահանդեսին։ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը «մտացածին» և «սուբյեկտիվ» է անվանել այն պատճառները, որոնք հետևանքով զորահանդեսային հաշվարկները Հայաստանից Մինսկ չեն ժամանել։

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու պապերի հայրերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը և Մեծ Հայրենական պատերազմին»,-ասել է Վոլֆովիչը լրագրողներին:

Քարտուղարի խոսքերով, այս առումով խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի ամենաառաջին օրերին դրա պաշտպանության համար ոտքի կանգնեցին 34 ազգությունների ներկայացուցիչներ: «Այն ժամանակ չէին առանձնացնում` դու հայ ես, թե ադրբեջանցի, ռուս, բելառուս կամ ուկրաինացի: Մեր պապերն ու նախապապերը միասին էին դիմադրում: Եվ նրանք դրեցին Մեծ Հաղթանակի հիմքը»,-ընդգծել է նա:

Բելառուսի մայրաքաղաքում Անկախության օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում շարասյունով անցել են բարեկամ պետությունների շքերթային հաշվարկներ, այդ թվում` Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Այսօր Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայկական կողմն անտեսել է նաև այս միջոցառման հրավերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական պատվիրակությունն այս տարի չի մեկնի Բելառուսում հուլիսի 8-18-ը կայանալիք «Սլավյանսկի բազար» երգի ամենամյա փառատոնին:

Երկու երկրների պաշտոնյաների միջև լարվածությունն առաջացել է վերջերս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից հետո, որի ընթացքում նա, դիմելով Ալիևին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմն անվանել էր «ազատագրական պատերազմ»: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ Բելառուսի առաջնորդը խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Իսկ խորհրդարանում վարչապետը խոստացել է, որ ոչ ինքը, ոչ էլ այլ պետական պաշտոնյաներ այլևս չեն մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը