Քաղաքական

01.07.2024 14:04


Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները

Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվում են 5 տարին մեկ:

Վերջին անգամ այդ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականին, որտեղ նախագահականում Մակրոնը հաղթանական տարավ Լե Պենի հանդեպ, իսկ խորհրդարանական ընտրություններում «կենտրոնամետ» Մակրոնին հաջողվեց, խաղալով աջերի և ձախերի միջև եղած հակասությունների վրա, խորհրդարանում ձևավորել փխրուն մեծամասնություն:

Սակայն, վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը կտրուկ անկում ապրեց, իսկ իր դիրքերը խորհրդարանում խարխլվեցին:

Ինչպես հայտնի է, Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2017-ին, իսկ 2022-ին՝ վերընտրվել: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ 2027-ին նա չի կարողանա վերընտրվել այդ պաշտոնում, քանի որ Ֆրանսիայի սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ մարդուն երկրու անգամից ավել վերընտրվել նախագահի պաշտոնում:

Դա նշանակում է, որ Մակրոնը 2027-ին չի կարողանալու վերընտրվել նախագահի պաշտոնում, մյուս կողմից աջերի ճամբարում Լե Պենի մակարդակի գործիչ հորիզոնում դեռ չի երևում:

Դա իր հերթին նշանակում է, որ 2027-ի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ մեծ հնարավորություն ունեն ծայրահեղ ձախ Մելանշոնը և նույնպես ծայրահեղ, բայց աջ՝ Լե Պենը:

Ֆրանսիան այսօր պառակտված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, և շատ շրջանակներ մտավախություն ունեն, որ 2027-ին այդ երկիրը կարող է հայտնվել մեծ բախումների առջև, եթե քաղաքական կենտրոնում չհայտնվի մի ազդեցիկ գործիչ:

Փորձագետների կարծիքով՝ Մելանշոնի հաղթանակը քիչ հավանական է, քանի որ նրա ծրագրերն իրականության հետ որևէ կապ չունեն:

Օրինակ, նա առաջարկում է մինիմալ աշխատավարձը բարձրացնել մինչև 1600 եվրո, որի հետևանքով բիզնեսի զգալի մասը կհեռանա այդ երկրից և ավելի քան 500.000 ֆրանսիացի կկորցնի իր աշխատանքը:

Փոխարենը Լե Պենն առաջարկում է իջեցնել հարկերը, ինչը կբերի բիզնեսի ակտիվացման, և որից հետո կարելի կլինի խոսել աշխատավարձերի բարձրացման մասին: Սակայն, Լե Պենի միգրացիոն քաղաքականության առաջարկները կարող են բերել մեծ բախումների Ֆրանսիայում, քանի որ այդ առաջարկությունների մեջ կան դրույթներ, որտեղ քաղաքականությունից կարող են զրկվել քաղաքացիներ, որոնց ծնողները քաղաքացի չեն եղել:

Բացի այդ, Լե Պենի առաջարկների մեջ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ բիզնեսի ակտիվացումից պիտի հիմնականում օգնտվեն աշխատանքի շուկայի քաղաքացիություն ունեցող ներկայացուցիչները, ինչը արաբական ծագում ունեցող ֆրանսիացիների մոտ խիստ դժգոհություն է առաջացնում:

Սակայն, շատերը համոզված են, որ մի օր Ֆրանսիան խիզախություն է ունենալու ընդունել Լե Պենի առաջարկները, որից վախենում են այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցիչները:

Ի՞նչ էր նշանակում Մակրոնի որոշումն արտահերթ ընտրությունների անցկացման մասին

Փորձագետների կարծիքով, այս որոշումով Մակրոնը ցանկանում է վարչապետի պաշտոնը հանձնել Լե Պենի ներկայացուցիչներին՝ ինքը մնալով նախագահի պաշտոնում, որպեսզի տարբեր ինտրիգների արդյունքում խանգարի աջերին վարել ինքնուրույն քաղաքականություն, ինչը կհիսթափեցնի ֆրանսիացիներին Լե Պենի կուսակցությունից, և ընտրազանգվածը 2027-ին կրկին կքվեարկի այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցչի օգտին:

Ի՞նչ ցույց տվեց հունիսի 30-ի ընտրությունների առաջին փուլը

2024 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց երկրորդ փուլը հուլիսի 7-ին կընտրի Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության 17-րդ Ազգային ժողովի բոլոր 577 անդամներին:

Ընտրություններին մասնակցում էին չորս հիմնական դաշինքներ.

-Մակրոնին աջակցող կենտրոնամետների դաշինքը, որը կոչվում է «Անսամբլ» քաղաքական դաշինքը, որը հավաքեց ձայների մոտ 20 տոկոսը

-Լե Պենի ղեկավարած «Ազգային Միավորումը» (RN), որը հավաքեց ձայների ավելի քան 34 տոկոսը

-Ձախերի դաշինքը, որը կոչվում է «Նոր Ժողովրդական ճակատ» (NEP), որը հավաքեց ձայների ավելի քան 29 տոկոսը

- Հանրապետականների դաշինքը (LR), որը հավաքեց ձայների ավելի քան 10 տոկոսը: Սրանք ավելի շատ հանդես էին գալիս աջ-պահպանողականների դիրքերից, և նրանց մի մասը հարում է Մակրոնին, իսկ մյուս մասը՝ Լե Պենին:

Այս պատկերը, ցույց է տալիս թե ինչ ծանր վիճակում է հայտնվել Մակրոնը:

Հասկանալի է, որ ամբողջական պատկերի մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը կկայանա հուլիսի 7-ին:

Ըստ ֆրանսիական օրենսդրության, առաջին փուլում հաղթանակ են արձանագրում այն գործիչները, որոնք հավաքել են մասնակցածների ձայների ավելի քան 50 տոկոսը, որը պիտի միաժամանակ ավելի շատ լինի, գրանցվածների 25 տոկոսից: Հասկանալի է, որ մեծ մասը դժվար թե հաղթեր հենց առաջին փուլում, բայց այնուամենայնիվ կան նաև այդպիսիններ:

Երկրորդ փուլ անցնում են այն գործիչները, որոնք առաջին փուլում հավաքել են առաջին երկու տեղերը և այն երրորդ տեղի ներկայացուցիչները, որոնք հավաքել էին գրանցված ձայների ավելի քան 12.5 տոկոսը: Երկրորդ փուլի ընտրություններում արդեն հաղթող է ճանաչվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած գործիչը:

Գրեթե բոլոր փորձագետները կանխատեսում են որ Լե Պենի RN-ը ստանալու է խորհրդարանի 240-ից մինչև 270 տեղերը:

Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ ( 577-ի կեսից ավելին):

Սակայն պարզ է նաև, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող ստանալ այդքան տեղ, և դաշինքների ստեղծումը անխուսափելի է լինելու:

Հենց դրա վրա էլ հույսը դրել է Մակրոնը, որպեսզի թույլ տա Լե Պենին ձևավորել փխրուն դաշինք, որը չի կարողանա լուծել ոչ մի խնդիր և 2027-ի շեմին արդեն կկորցնի իր ձայների մեծ մասը:

Լե Պենն արդեն հայտարարել է, որ փխրուն կոալիցաների ձևավորման, ինչպեսև՝ ամեն գնով իշխանության ձևավորման կողմնակից չէ:

Ինչպիսին կլինեն այդ երկրում զարգացումները հուլիսի 7-ից հետո, և ով կդառնա վարչապետ, ով կկարողանա աշխատել նախագահ Մակրոնի հետ, ցույց կտան մոտակա ժամանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը