Քաղաքական

27.06.2024 07:28


Մանկական երկաթուղին խիստ անմխիթար վիճակում է․ «Մայր Հայաստանի» անդամները տեղում արձանագրել են խնդիրները (տեսանյութ)

Մանկական երկաթուղին խիստ անմխիթար վիճակում է․ «Մայր Հայաստանի» անդամները տեղում արձանագրել են խնդիրները (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» անդամներն այցելել են Երևանի մանկական երկաթուղի և տեղում արձանագրել այգում առկա խնդիրներն ու խիստ անմխիթար վիճակը։

Այդ կապակցությամբ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ այցելել էինք Երևանի մանկական երկաթուղի։ Այգու, մեղմ ասած, անբարեկարգ վիճակը մտահոգիչ է։ Ամեն րոպե կոտրվելու ենթակա փտած ծառերը, խիստ աղտոտված տարածքը և մանկական այգուն ոչ բնորոշ այլ տեսարանները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում խնամված, գեղեցիկ միջավայր ապահովելու և այգին իր նպատակին ծառայեցնելու համար։

Փոխարենը Մանկական երկաթուղին կարող էր հրաշալի վայր դառնալ թե‘ երեխաների, թե‘ մեծահասակների համար` մանավանդ ամռանն իրենց հագիստը կազմակերպելու առումով։

Ուրախալին միայն այն է, որ այգու առողջ ծառերը, ըստ իրենց սովորության, դեռ չեն կտրել»։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն էլ նշել է․

«Երևանի մանկական երկաթուղին աղբի մեջ կորած է։ Քաղաքային իշխանության անգործության հետևանքով այգին ծայրահեղ անմխիթար վիճակում է, երեխաների համար՝ վտանգավոր, երկաթգիծը՝ քանդված։

«Մայր Հայաստանի» գործընկերներիս հետ տեղում արձանագրել ենք այդ բոլոր խնդիրները և հետևողական ենք լինելու դրանց լուծման ուղղությամբ։

Պահանջում ենք քաղաքային իշխանությունից շատ արագ վերացնել առկա թերությունները և երեխաներին ու երևանցիներին վերադարձնել իրենց այգին»։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը տեղեկացրել է․

««Մայր Հայաստան» խմբակցության մի քանի անդամներով այսօր Երևանի մանկական երկաթուղում էինք։ Իրականությունն այնտեղ ահավոր է ու սարսափելի․ թե ո՞ւր է ուղղված քաղաքային իշխանության հայացքը, անհասկանալի է։

Մանկական կոչվող այս երկաթուղում ոչինչ չկա այլևս մանկական, այն լեցուն է աչքին, մեղմ ասած, ոչ հաճո իրողություններով՝ աղբ, ավեր, քարուքանդ, այլասերված բարքեր, մնացյալը չթվարկեմ, պատկերացրեք ինքներդ․․․

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, օգտագործելով Երևանի քաղաքապետին վերահսկելու իր լիազորությունները, հնարավորինս հետևողական է լինելու՝ Երևանի մանկական երկաթուղին մեր մանուկներին վերադարձելու հարցում»։

Այս խորագրի վերջին նյութերը