Քաղաքական

26.06.2024 18:18


Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում իր նպատակներին հասնելու համար. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում իր նպատակներին հասնելու համար. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենք մատակարարելու հարցը։

Նրա խոսքով` դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը` լինել ամենուր և որևէ պատասխանատվություն չկրել։ Հարավային Կովկասի հակամարտության համատեքստում նա նշել է, որ ֆրանսիական կողմը միլիոն հնարավորություն ուներ այն կարգավորելու համար, որոնցից մեկը Մինսկի պայմանավորվածություններն են։

«Հետո իմացանք, որ դա միայն շղարշ էր։ Իրական դրսևորումներն այլ էին` հակառուսական ուղու վրա Կիևի ռեժիմին անվերապահ աջակցություն ցուցաբերելը։ Իրականում բոլոր խաղաղ պայմանավորվածությունները Փարիզին չէին հետաքրքրում։ Եվ սա ուղիղ մեջբերում է Ֆրանսուա Օլանդի ասածից (Ֆրանսիայի նախկին նախագահ. խմբ)»,–ասաց Զախարովան։

Նա նշեց, որ կա խաղաղության ծրագիր, Կովկասում իրավիճակի կարգավորման քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ` տնտեսական, հումանիտար ծրագրի իրականացման, տրանսպորտային լոգիստիկայի կառուցման, փոխադարձ համագործակցության նպատակով։ Ըստ Զախարովայի` այդ ամենի շուրջ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև։

Զախարովան ընդգծեց, որ Մոսկվան հանդես է եկել բաց, ազնիվ միջնորդի դերում և երկու կողմին էլ դիտարկել է որպես մերձավոր պետություններ և ժողովուրդներ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Մոսկվան նաև միշտ շահագրգռված է եղել, որ խաղաղություն և կայունություն լինի։

«Դա վայրի խանդ ու չարություն է առաջացնում Արևմուտքում, որը դա համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ տեղաշարժի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, իմ կարծիքով, նախապատրաստում է հերթական քաոսի»,–ասաց Զախարովան:

Նա չբացառեց, որ դա դիտարկվելու է որպես ռևանշ այն խաղաղասիրական ջանքերի համար, որոնք գործադրել է Ռուսաստանը։ Զախարովան նշեց` այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել և նախանշել բազմամյա փակուղուց դուրս գալու ճանապարհը։

«Հիմա նրանք, ովքեր տարածաշրջան են նետում այնպիսի առաջարկներ, որոնք անում է Փարիզը, և այնպիսի արարքներ, որոնք անում է Փարիզը, վատ խորհրդատու են, գործն էլ տանում են դեպի դժբախտություն։ Մենք ոչ թե խաղաղ կարգավորման, այլ հակամարտության հրահրման անկեղծ հռետորաբանություն ենք լսում»,–ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը