Քաղաքական

26.06.2024 07:50


Ասես երազի մեջ լինեի, վտանգ չէի զգում. ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում (տեսանյութ)

Ասես երազի մեջ լինեի, վտանգ չէի զգում. ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում (տեսանյութ)

Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանը դեպքից 13 օր անց տուժող է ճանաչվել հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ստացվել, որ լուսաձայնային նռնակը հայտնվել է իր ձեռքում։

«Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկաններն այնքան շատ էին, որ եթե ամեն ցուցարարի մի ոստիկան կցեին տարածքից հեռացնելու համար, 300-400 ոստիկան «պարապ» կմնային»,–ասում է Եսային, որը դեռ բուժում է ստանում հիվանդանոցում և պատրաստվում երկրորդ վիրահատությանը։

Ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, նա եղել է Բաղրամյան պողոտայի միջնամասում, բայց շտապել է Սիրահարների այգու հատված, որ օգնության հասնի մարդկանց։

«Երբ մոտեցա, Սիրահարների այգու այդ հատվածը խառնաշփոթ վիճակ էր, ծուխ, անընդհատ նռնակներ էին պայթում, մարդիկ աջուձախ էին փախնում։ Իմ մոտ 3-4 պայթյուն եղավ, ոնց որ օդերում լինեի, գիտակցությունս տեղն էր, բայց ոչ մի բան չէի հասկանում։ Նույնիսկ մի պահ մոռացել էի, թե այդտեղ ինչ գործ ունեմ։ Հետո էդ փոքրիկ, սև բանը գլորվելով եկավ ոտքիս մոտ. ասես երազի մեջ լինեի, վտանգ չէի զգում` չնայած շուրջս խառնաշփոթ էր։ Առանց գիտակցելու վերցրի»,–ասում է Եսային։

Նա վստահ է` ոստիկանները լուսաձայնային նռնակ կիրառելու որևէ հիմք չունեին, դա եղել է հստակ հրաման մարդկանց վախեցնելու, ահաբեկելու համար։

Եսային ամեն ինչ մանրամասն հիշում է, ընդհուպ պայթյունի պահը։ Մի քանի վայրկյան անգիտակից է եղել։ Երբ գիտակցության է եկել ու տեսել, որ աջ ձեռքի մատները չկան, իրեն հանգստացրել է, որ նռնակն աչքերի մոտ չի պայթել։

Դեպքից անմիջապես հետո որոշ շրջանակներ սոցցանցերում սկսեցին լուրեր տարածել, թե Եսային նռնակը վերցրել է, որ հետ շպրտի ոստիկանների ուղղությամբ։ Դա տղամարդուն շատ է վրդովվեցրել։

«Ի՞նչ է նշանակում`կռացել է, որ վերցնի, շպրտի։ Իրենք ինձ տենց դուխով տղա՞ են ճանաչում, որ կարող եմ իմանալ` դա նռնակ է, գիտակցությունս տեղը լինի, ու կռանամ, վերցնեմ, շպրտեմ։ Ընենց կուզեմ` իրենց հետ այդ էքսպիրիմենտը փորձենք, տեսնեմ` դուխները կհերիքի` կռանան, վերցնեն։ Վստահ եմ, որ 99 տոկոսով` չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Եսային նռնակի պայթյունից վնասել է ոչ միայն աջ ձեռքը, այլև ձախ ձեռքի ափը, կրծքավանդակնը, որովայնը։ Հիմնականում բեկորային վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։ Մեկ–երկու խոշոր չափի բեկոր բժիշկները կրծքավանդակից են հանել, ասել են` մյուս բեկորները ժամանակի հետ դուրս կգան։ Դրանցից մեկն էլ հենց երեկ են հանել իրենց ուժերով։

«Մեկի տեղն էլ գիտենք, բայց ձեռք չենք տալիս, վտանգավոր է։ Բեկորից 1-2 սմ այն կողմ երեկ ուժեղ արյունահոսություն սկսվեց, բժիշկներն անգամ ցավազրկելու ժամանակ չունեցան, այդպես կարեցին։ Մարկերով բեկորի տեղը նշելու եմ, որ վիրահատության ժամանակ դա էլ հանեն։ Դեռ ահագին գործ կա անելու, բայց այն, որ դաստակս հնարավոր եղավ փրկել, երկու մատս հավաքել, բժիշկների շնորքն է»,–ասում է տղամարդը։

Նշենք, որ մինչ տուժող ճանաչվելը քննիչը Եսայիին հարցաքննելիս հայտնել է, որ նա ներգրավված է որպես վկա։

Դեպքի հաջորդ օրը հիվանդանոց եկած քննիչն ասել է, որ դատաբժիշկ կայցելի, բայց Եսային վստահեցնում է, որ մինչ օրս որևէ դատաբժշկի չի տեսել։ 13 օրերի ընթացքում որևէ պետական պաշտոնյա նույնպես չի այցելել Եսայիին։ Վիրահատությունից 8 օր անց նման ցանկություն է հայտնել միայն առողջապահության փոխնախարարը։ Եսային մերժել է` նշելով, որ եթե 8 օր չեն անհանգստացել, կարող են այդպես էլ շարունակել։ Նրան չի այցելել անգամ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գրասենյակից Եսայիի կնոջը զանգել են միայն նրա ֆեյսբուքյան գրառումից հետո։ Նույն օրը ՄԻՊ–ն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում` չբացահայտելով զրույցի մանրամասները։ Մեզ հետ զրույցում Եսային նույնպես չցանկացավ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ այդ խոսակցությունը որևէ ձևով ՄԻՊ–ին դրական լույսի տակ չէր ներկայացնելու, եթե այդ հարցազրույցը բառացի գրեին, ավելի վատ կհնչեր, քան հայտարարեին, որ ընդհանրապես չեն էլ զանգել։

«Դա ընդամենը դեմք փրկելու փորձ է եղել, որը տոտալ ձախողվել է»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը