Քաղաքական

24.06.2024 08:24


Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։

Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)։

Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝ փակել Արցախի թեման, բավարարել Ալիևի բոլոր պահանջները (ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախի հարցով եռանախագահության լուծարում, Արցախի հետ կապված որևէ հարցի արծարծումից հրաժարում և այլն), հակադրություն առաջացնել հայաստանցիների ու արցախցիների միջև։ Սա իրականում պատերազմի ու պարտության օրակարգն է, որը հրամցվում է «խաղաղության» անվան տակ։

Մենք մերժում ենք նաև սրա մյուս ծայրահեղությունը, որը պոռոտախոսություն կամ բաժակաճառային հայրենասիրություն կարելի է անվանել։ Սրա կողմնակիցները խոստանում են իշխանություն ունենալուն պես շատ արագ հետ բերել Արցախը, ինչն առնվազն արկածախնդրություն է և բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Սա էլ է պատերազմաբեր ու կործանարար մոտեցում։

Մեր մոտեցումն իրական խաղաղության և իրական անվտանգության հաստատմանն է ուղղված։ Նախապայմանը, բնականաբար, իշխանափոխությունն է․ բանակցողը պետք է փոխվի։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակված չպետք է համարել որևէ պարագայում։ Եթե փակվեց Արցախի էջը, ապա հերթը կհասնի Հայաստանի էջը փակելուն, ինչին ձգտում են մեր թշնամիները։

Առնվազն արցախահայության իրավունքների մասով մենք պետք է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահենք Արցախի հարցը։ Արցախահայությունն անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման միջոցով իր բնօրրան վերադառնալու իրավունք ունի։

Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության լուծարմանը և Ալիևի պահանջները բավարարելուն։

Հայաստանը պետք է վերականգնի իր բանակն ու առաջին հերթին ապավինի իր զինված ուժերին։ Բացի այդ՝ մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի խնդիրների մեջ ներքաշելը հղի է ողբերգական հետևանքներով։ Հայաստանը չպետք է դառնա մանրադրամ՝ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակամարտության մեջ։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ–երաշխավոր։ Դա Ռուսաստանն է։

Հայ–ռուսական հարաբերությունները պետք է դե ֆակտո և դե յուրե լինեն ռազմավարական, բարեկամական, փոխվստահելի։

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ սեփական երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ Վրացիները հիշում են, թե ինչ եղավ 2008թ․–ին ու տեսնում են, թե ինչ է լինում Ուկրաինայի հետ։

Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայից է՛լ ավելի վատ տարբերակով, ինչը պետական հանցագործություն է։

Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր որակի կառավարում, նոր ու ազգային առաջնորդություն։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը